ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հրապարակած հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Արամ Դանիելյանը, 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով 2015-2018թթ. ընթացքում յուրացման և վատնման եղանակով հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ 102.198.525 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Փետրվարի 26-ին Արամ Դանիելյանը ձերբակալվել է: 2019 թվականի փետրվարի 28-ին վերջինս ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված՝ 102.198.525 դրամի վնասը և ազատվել արգելանքից:
Նախաքննությունը շարունակվում է:
Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարել է շուրջ 15 տարի: Նա քաղաքապետի պաշտոնից հեռացավ միայն հեղափոխությունից հետո: Իսկ մինչ այդ տևական ժամանակ մամուլի էջերում էր իր որդու աղմկահարույց վրաերթի պատմությամբ: 2017-ի հունիսին Արամ Դանիելյանի 16-ամյա որդին հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին, որը Հրազդանի բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացավ։
Նախկին քաղաքապետի որդին գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն ստորագրությամբ ազատ էր արձակվել: Հետագայում քրեական գործը կարճվեց․ իրավապահներն ապացուցված համարեցին այն, որ անչափահաս վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ չի տվել: Վրաերթից ամիսներ անց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահականում ոսկե մեդալով պարգևատրեց հանրապետական Դանիելյանի որդուն՝ բարձր առաջադիմության համար: