Արտգործնախարարությո՛ւնը կարող է միայն ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։ Ինչու են ռուսաստանցի պատգամավորները ինքնակազմակերպվել և մասնակցել Բաքվում փետրվարի 26-ին կայացած երթին, պետք է հարցնել հենց այդ պատգամավորներին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:
Մոսկվան արել և ամեն ինչ անելու է խնդրի կարգավորումը գտնելու համար, արյունոտ ղարաբաղյան հակամարտությունը ողբերգություն է բերել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ժողովուրդներին, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան նաև վստահեցրել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության առաջնահերթություններից է։
Հիշեցնենք, պաշտոնական Երևանը՝ ի դեմս Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի, իր վրդովմունքն է հայտնել Բաքվում փետրվարի 26-ին կայացած հակահայկական միջոցառմանը ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների մասնակցության կապակցությամբ:
Հակահայկական երթին ռուս պատգամավորների մասնակցությանը երեկ անդրադարձել է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի լիագումար նիստում իր ելույթում: