Վաղը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները այցելելու են 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների զոհերի շիրիմներին՝ նրանց հարազատների հետ, ինչից հետո ժամը 17-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվելու: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է Մարտի 1-ի 11-րդ տարելիցին նվիրված երթին: ՀԱԿ-ը, հիշեցնենք, ողջունում է նման երթի անցկացումը վարչապետի նախաձեռնությամբ:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11-րդ տարելիցը քաղաքացիական հզոր երթով նշանավորելու իր նախաձեռնության մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց մեկ շաբաթ առաջ՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ: