«Վրաստանի բոլոր նախագահները բարեկամական հարաբերություններ են ունեցել Ադրբեջանի հետ, և ես շարունակելու եմ այդ ավանդույթը», - այսօր ժամանելով Բաքու՝ հայտարարել է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Թեև խորհրդարանական Վրաստանում նախագահը առավել ներկայացուցչական լիազորություններ ունի, այդուամենայնիվ, Զուրաբիշվիլին խոսել է նաև համատեղ տնտեսական ծրագրերի ու համագործակցության մասին:
«Ուրախ եմ իմ առաջին տարածաշրջանային այցը կատարել եղբայրական Ադրբեջան: Մեր հարաբերությունները շատ հեռանկարային են: Եվ այսօր, երբ տարածաշրջանի ու աշխարհի առջև բացվում են նոր հնարավորություններ, մեր կապերի խորացումը առավել կարևոր է դառնում», - ասել է Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ Բաքուն և Թբիլիսին այժմ քննարկում են համագործակցությանն ուղղված նոր նախաձեռնություններ:
Ադրբեջանի նախագահը ևս պնդել է, թե երկու երկրների համագործակցությունը խորանում է օր օրի: «Մենք հրաշալի արդյունքներ ունենք քաղաքական, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներում», - ասել է Իլհամ Ալիևը, հավելելով՝ դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ Բաքուն ու Թբիլիսին չեն համագործակցում:
«Ես շատ ուրախ եմ, որ նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակից շատ չանցած Դուք այցելել եք Ադրբեջան և դրանով իսկ է՛լ ավելի մեծ կարևորություն եք տալիս մեր երկրների հարաբերություններին: Այս այցը և այսօրվա բանակցությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր փոխհարաբերությունները հրաշալի ապագա ունեն», - հայտարարել է Ալիևը:
Փորձագետները, մինչդեռ, վստահ են՝ մամուլի համար արված այս հրապարակային հայտարարություններից հետո՝ փակ դռների ետևում, Զուրաբիշվիլին և Ալիևը ստիպված են մի շարք կնճռոտ հարցերի անդրադառնալ: Առաջնայինը, թերևս, էներգետիկ ոլորտում սկիզբ առած տարաձայնություններն են: Վերջին տարիներին Վրաստանը գազը ստանում էր հիմնականում Ադրբեջանից, Թբիլիսիում պաշտոնյաները պնդում էին, թե կարողացել են նվազագույնի հասցնել երկրի կախվածությունը ռուսական աղբյուրներից: Այս տարեսկզբին, սակայն, ադրբեջանական SOCAR-ը հայտարարեց, թե բարձրացնում է Վրաստանին վաճառվող գազի գինը՝ ազգային արժույթի տատանումների ու մատակարարման մաքսադրույքների փոփոխության պատճառով: Շաբաթներ անց Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարեց, թե Թբիլիսին «Գազպրոմ»-ի հետ բանակցություններ է սկսել՝ Ռուսաստանից գազ գնելու և ադրբեջանական մատակարարումներին այլընտրանք գտնելու համար:
Վերջին ամիսներին հարթ չէին նաև երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները. հունվարին Ադրբեջանի արտգործնախարարությունը պարզաբանումների էր հրավիրել երկրում Վրաստանի դեսպանին, երբ հայաշատ Ջավախքի գյուղերից մեկում բացվել էր ազատամարտիկ Միխայիլ Ավագյանի կիսանդրին, ընդ որում՝ հանդիսավոր միջոցառմանը մասնակցել էին ոչ միայն հայ համայնքի, այլև վրացական իշխանությունների ներկայացուցիչները: Բաքուն բողոքի նոտա էր հղել և դեսպանից պահանջել այս հարցն անհապաղ կարգավորել, մինչ այժմ, սակայն, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, փաստում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Թեև այս թեմային Զուրաբիշվիլին այսօր հրապարակավ չի անդրադարձել, բայց Ալիևի հետ հանդիպմանը ընդգծել է՝ Վրաստանը հասկանում և կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում:
«Մենք միանման խնդիրների միջով ենք անցել, վերականգնել ենք անկախությունը և միևնույն ողբերգությունը տեսել վերջին տարիներին: Այսօր մենք գիտենք՝ ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար», - ըստ Վրաստանի նախագահական նստավայրի՝ հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններից հետո Վրաստանի նախագահը կհանդիպի նաև ադրբեջանցի գործարարների հետ, կպատասխանի ուսանողների հարցերին, կլինի հիմնականում վրացիներով բնակեցված Գախ, Բալակեն ու Զաքաթալա շրջաններում: Զուրաբիշվիլիի այցը երկօրյա է, վաղը նա կվերադառնա Վրաստան: