«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստի մեկնարկից մի քանի րոպե անց, երբ ցուցմունք էր տալիս Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, դատարանում վիճաբանություն սկսվեց: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն Արամ Հովհաննիսյանին հարցրեց՝ կրակոցները միայն զինված խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածքի՞ց են արձակվել, թե՞ ոստիկանների շարքերից ևս կրակողներ են եղել: Շենգավիթի նախկին ոստիկանապետը, որը պնդում էր, որ այդ օրը բեկորային վնասվածք է ստացել, ասաց, թե ոստիկանները զինված չեն եղել․ - «Ոչ մեկի ձեռքին չի եղել տվյալ պահին»:
Այս պատասխանին հետևեցին դահլիճում հնչող ռեպլիկները, իրավիճակը լարվել էր նաև ապակուց այն կողմ:
«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանն ասաց՝ վիճաբանությունը սկսվել է կողքի շարքում նստած քաղաքացիական հագուստով ոստիկանների ռեպլիկից․ - «Ակնհայտորեն ոստիկաններն էկել են ստեղ՝ էսօր սադրանք անելու»:
Ընդմիջված նիստը շարունակելով՝ դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ ստորաբաժանման պետից զեկուցագիր է պահանջել: Ըստ այդ զեկուցագրի, նիստի ժամանակ քաղաքացի Գևորգ Սաֆարյանը վիրավորել է այդ պահին ցուցմունք տվող տուժող Արամ Հովհաննիսյանին՝ նրան անվանելով հիմար: Դրան ի պատասխան դատական նիստերի՝ քաղաքացիների համար նախատեսված հատվածի աջ կողմում նստած մի քաղաքացի արձագանքել է՝ «Հիմարը դու էս, քեզ կոռեկտ պահի»:
«Դրանից հետո դահլիճում գտնվող բոլոր քաղաքացիները վեճի բռնվեցին նիստերի դահլիճի աջ կողմից ի պատասխան Սաֆարյանի հնչեցրած վիրավորանքին արձագանքած քաղաքացու հետ, և սկսեցին միմյանց հասցեին հնչեցնել հայհոյանքներ և հրաժարվեցին ենթարկվել ինչպես նախագահող դատավորի, այնպես էլ դատական կարգադրիչների՝ դատական նիստում սահմանված կարգը պահպանելու օրինական պահանջներին», - հայտարարեց Մակյանը՝ նշելով, որ գործի քննությունը դարձյալ կիրականացնի դռնփակ ռեժիմով:
«Դատարանը գտնում է, որ նույն վարքագիծը պահպանվելու է, հետևաբար որոշում է կայացնում հետաձգել գործի քննությունը: Հաջորդ դատական նիստից սկսած գործի քննությունը կիրականացնենք դռնփակ՝ լրատվամիջոցների ներկայությամբ», - ասաց դատավորը:
Այսօր ցուցմունք տված տուժող ոստիկաններից Շենգավիթի ոստիկանության ներկայիս պետ Հրաչյա Խոստեղյանը, որը 2016-ին Արաբկիրի ոստիկանության բաժնի պետն էր, այսօր առարկեց, որ համաներումը կիրառվի «Սասնա ծռերի» նկատմամբ:
«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը: