Արարատ Միրզոյան․ Հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ են

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

«Հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում: Հայաստանը Ռուսաստանին համարել և համարում է իր ռազմավարական գործընկերը», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօր ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում:

«Մեր հարաբերությունների շարունակական ամրապնդումը և այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների հաղթահարումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս կոնցեպցիան իր արտացոլումն է գտել օրերս Հայաստանի Ազգային ժողովում հաստատված՝ Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրում, ինչը վերը ասվածի հստակ վկայությունն է», - ասաց Միրզոյանը:

Ընդգծելով, որ հայ-ռուսական համագործակցության առանցքային բաղադրիչներից մեկը անվտանգության և կայունության ապահովումն է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մասնավորապես Հարավային Կովկասի տարածաշրջանում, Հայաստանի խորհրդարանի խոսնակը շարունակեց․ - «Մենք հանդես ենք գալիս հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու դեմ և ողջունում ենք մեր մոլորակում հարատև խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ջանքերը: Այս առումով, ավելի լայն համագործակցության լույսի ներքո, վերջին օրինակներից մեկը կարող է հանդիսանալ մեր մասնագետների գործուղումը Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հայկական հումանիտար առաքելությունը, որը վերջերս է ուղարկվել Սիրիա, բացառապես ծառայում է խաղաղության և կայունության հաստատման նպատակներին՝ օգնելով սիրիական ժողովրդին վերականգնել կենսագործունեությունը հակամարտությունից տուժած շրջաններում: Մենք նաև շնորհակալ ենք ռուսաստանյան կողմին՝ մեր հումանիտար աջակցությունը վերջին տարիների ընթացքում Սիրիա հասցնելու հարցում ցուցաբերած օգնության համար»:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում իր ելույթում ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունները և հիմնվելով միջազգային օրենքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը միակն է, որ միջազգային հանրության կողմից լեգիտիմ մանդատ ունի խնդրով զբաղվելու: «Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ստիպված եմ ցավով փաստել, որ չնայած մեր երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ մասնակցել են ընդգծված հակահայկական ուղղվածությամբ ակցիայի, որը տեղի է ունեցել Բաքվում և որը ուղղված է տարածաշրջանում կայունության խախտմանը», - հայտարարեց Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

«Անկեղծ, բարեկամական երկխոսությունը առանձնահատուկ կարևորություն է ստանում այն համատեքստում, որ որոշ շրջանակներ և երրորդ երկրներ, իրենց լոբբիստական շահերից ելնելով և կիրառելով կասկածելի մանիպուլյացիոն հնարքներ մեր երկրների մեդիա դաշտում, փորձեր են կատարում Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող որոշ գործընթացներ ներկայացնել խեղաթյուրված, կեղծ լույսի տակ՝ փորձելով թյուրըմբռնման և անորոշության սերմեր ցանել, դրանով իսկ թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային հարթակներում և մեծացնելով մեր երկրների խոցելիությունը արտաքին մարտահրավերներին ընդառաջ», - նաև ասաց Արարատ Միրզոյանը՝ շեշտելով․ - «Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել՝ նմանօրինակ փորձերը դատապարտված են ձախողման ի սկզբանե, կատարյալ ձախողման, որովհետև մեր հարաբերություններում սեպ խրելը անհնար է, որովհետև մեր երկրների և ժողովուրդների բարեկամության արտաժամանակային պատճառները և հիմքերը վեր են կանգնած քաղաքական կոնյունկտուրաներից և որոշակի շրջանակների անցողիկ, ներանձնական շահերից»:

Մանրամասները՝ քիչ անց