Հրազդանի նախկին քաղաքապետը ձերբակալվել է խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով

Հրազդանի նախկի քաղաքապետ Արամ Դանիելյան, արխիվ

Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը հաստատեց, որ Արամ Դանիելյանը միակ ձերբակալվածը չէ:

Առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ, Հանրապետական Արամ Դանիելյանը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015-2018 թվականների ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ են կատարվել: Չարաշահումների քանակի մասին քննչական մարմինը դեռ մանրամասներ չի հայտնում:

Արամ Դանիելյանը միակ ձերբակալվածը չէ: Նախօրեին՝ փետրվարի 24-ին միլիոնավոր չարաշահումների կասկածանքով ձերբակալվել է նաև Հրազդանի համայնքապետարանի հարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանը: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը:

«Գույքի և հողի հարկի հետ կապված չարաշահումներ է հայտնաբերել արտաքին աուդիտը, որը հրավիրել էր համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատարը։ «Փերֆեկտ աուդիտ» ընկերությունն է, հայտնաբերել են էդ խախտումները՝ 138 միլիոն 634 հազար դրամ», - նշեց Մայիս Պողոսյանը։

Մայիս Պողոսյանն ասաց՝ միայն Սամվել Գրիգորյանի ձերբակալությունից են տեղյակ, իսկ Արամ Դանիելյանի մասին տեղեկացել են մամուլի հրապարակումներից: Դժվարացավ ասել՝ Արամ Դանիելյանի և իր ենթակայի ձերբակալությունը հարուցված նույն քրեական գործի շրջանամկում են թե ոչ:

Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարել է շուրջ 15 տարի: Նա քաղաքապետի պաշտոնից հեռացավ միայն հեղափոխությունից հետո: Իսկ մինչ այդ տևական ժամանակ մամուլի էջերում էր իր որդու աղմկահարույց վրաերթի պատմությամբ: 2017-ի հունիսին Արամ Դանիելյանի 16-ամյա որդին հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին, որը Հրազդանի բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացավ։

Նախկին քաղաքապետի որդին գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն ստորագրությամբ ազատ էր արձակվել: Հետագայում քրեական գործը կարճվեց․ իրավապահներն ապացուցված համարեցին այն, որ անչափահաս վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ չի տվել: Վրաերթից ամիսներ անց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահականում ոսկե մեդալով պարգևատրեց հանրապետական Դանիելյանի որդուն բարձր առաջադիմություն համար: