Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշում է՝ արդեն իսկ լուրջ առաջընթաց են տեսել կոռուպցիայի դեմ պայքարում, բայց ավելացնում՝ պայքարը դեռ երկարատև է լինելու: Այսօր հրավիրված ասուլիսում դեսպանն անդրադարձավ մի շարք ներքաղաքական խնդիրների, խոսեց նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման մասին:
Կոռուպցիայի դեմ պայքարի մասով Սվիտալսկին իր խոսքում ընդգծեց՝ ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաև Հայաստանի գործընկերները նկատում են՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար հիմա կա քաղաքական կամք:
«Բայց քաղաքական կամքը, լինելով պարտադիր, դեռևս բավարար չէ, անհրաժեշտ են այլ տարրեր, մասնավորապես՝ հաստատություններ, օրենքներ և հանրային մշակույթ կամ միջավայր: Հաստատությունների մասով, մենք տեսնում ենք, որ կառավարությունն ուզում է ստեղծել նոր, անկախ հակակոռուպցիոն գերատեսչություն, կենտրոն, որը կունենա ունիվերսալ լիազորություններ: Երկրորդը՝ Հայաստանին անհրաժեշտ են նոր օրենքներ, և եթե դուք նայեք կառավարության ծրագիրը, արդեն որոշակի օրենսդրական նախաձեռնություններ այնտեղ ամրագրված են, ինչը լավ նշան է: Եվ, ի վերջո, Հայաստանին անհրաժեշտ է հանրային աջակցություն, այսինքն՝ հանրային անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Եվ նորից, եթե մեզ դիմեն օգնելու, մենք պատրաստ ենք, բայց նախաձեռնությունը պետք է լինի հայկական կողմինը», - ասաց Սվիտալսկին՝ շարունակելով․ - «Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ մենք արդեն իսկ լուրջ առաջընթաց ենք տեսել կոռուպցիայի դեմ պայքարում, բայց եկեք պատրանքներ չունենանք։ Եթե մենք մեր շուրջն ենք նայում, Եվրամիության այլ երկրների փորձն ենք ուսումնասիրում, տեսնում ենք, որ սա երկարաժամկետ և այդպես էլ չավարտվող պայքար է: Այսինքն, ձեր դափնու տերևների վրա մի հանգստացեք, ճանապարհը շատ երկար է»:
Անդրադառնալով Եվրամիության ֆինանսական աջակցությանը Հայաստանին՝ դեսպանն իր խոսքում ակնարկեց՝ առաջիկայում այն կավելանա: Դեսպանի խոսքով` Եվրամիությունը բարձր է գնահատում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, և այժմ հայաստանյան գործընկերների հետ քննարկում են կոնկրետ գործողությունների պլան:
Եվրամիությունը նախատեսում է ավելի քան 13 միլիարդ եվրո հատկացնել մի շարք պետությունների` ճանապարհներ, երկաթուղի, տրանսպորտային ուղիներ, նավահանգիստներ կառուցելու համար: Հայաստանն այդ համատեքստում կարող է ստանալ ավելի քան 700 միլիոն եվրո:
Դեսպանը հիշեցրեց նաև ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի՝ վերջերս Երևանում արած հայտարարությունն այն մասին, որ 2019-ին Հայաստանի ֆինանսական աջակցությունը էականորեն կավելանա՝ այսպես կոչված «հովանոցային ֆոնդի» շրջանակներում:
«Այս ծրագրի պատմության ընթացքում անցած տարի առաջին անգամ Հայաստանը 10 միլիոն եվրո ստացավ: Սա քաղաքական ազդակ է, այս ֆոնդը քաղաքական միջոց է, այն առաջարկվում է այն դեպքում, երբ երկիրը քաղաքական բարեփոխումների ճանապարհին առաջընթաց է արձանագրում: Ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունն ավելի շատ կկարողանա օգտվել Եվրամիության աջակցությունից: Մենք հիմա վճռորոշ ժամանակաշրջանում ենք, քանի որ ԵՄ-ն սկսել է աշխատել իր բազմամյա առաքելությունների վրա, և եթե բարեփոխումների ճանապարհին Հայաստանն առաջ շարժվի, ապա կարող ենք հույս ունենալ, որ նաև 2021-ից հետո կարող են լինել էական ֆինանսական ավելացումներ», - նշեց Պյոտր Սվիտալսկին:
Հեղափոխությունից հետո ԵՄ-ն մուտք է գործել շատ համապարփակ երկխսության փուլ արադարադատության ոլորտում: Սվիտալսկին իր խոսքում ընդգծեց՝ Հայաստանը ունի շատ տարբերվող իրավիճակ, եթե համեմատենք մինչև ապրիլ-մայիսը, և հույս հայտնեց, որ նոր Հայաստանում դատական համակարգը թափանցիկ կլինի: Հարց հնչեց՝ արդյո՞ք այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ և արդյո՞ք այս համատեքսում կարելի է դիտարկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը, դեսպանը պատասխանեց, որ առանձին դեպքերի մասին չի խոսում՝ շեշտելով, որ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ անվստահություն ունենալու դեպքում հնարավորություն կա դիմել Եվրադատարան:
Ինչ վերաբերում է անցումային արդարադատության կիրառմանը, Սվիտալսկին ասաց, թե դրա անհրաժեշտությունը որոշողը Հայաստանի ժողովուրդն է, և փորձը ցույց է տալիս, որ նման հարցերում արտաքին միջամտությունը այնքան էլ օգտակար չէ:
Դեսպանն այսօր հերթական անգամ կրկնեց, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Ավելին` ընդգծեց, որ կարելի է ասել, որ դրանք անկախ Հայաստանում երբևէ տեղի ունեցած լավագույն ընտրություններն էին:
«Կարծում եմ, որ Հայաստանը կարող է հպարտանալ, որ կարողացավ հասնել շատ բարձր հուսալիության, թափանցիկության և արդարության: Իհարկե, սա չի նշանակում, որ ընտրությունները կատարյալ էին, կային որոշակի անկանոնություններ, բայց սա նաև ցույց է տալիս, որ աշխատանքն այս ուղղությամբ պետք է շարունակել: Եվ որքանով ես հասկանում եմ կառավարության ծրագրից և Խորհրդրարանի ղեկավարների հայտարարություններից Հայաստանը շատ հստակ մտադրություն ունի կատարելագործել, արդիականացնել իր ընտրական օրենսգիրքը և շարունակել աշխատել իր ընտրական համակարգի վրա: Բայց ընտրությունները ուղենիշային զարգացում էին Հայաստանի քաղաքական կյանքում։ Հիմա մենք ունեք մի կառավարություն, որն ունի շատ ուժեղ աջակցություն», - ասաց ԵՄ դեսպանը:
«Ազատության» հարցին, թե ի՞նչ փուլում է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման գործընթացը՝ հաշվի առնելով, որ որպես ժամկետ բազմիցս նշվել է 2020 թվականը, Սվիտալսկին հրաժարվեց հստակեցնել, միայն ընդգծեց՝ ԵՄ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ հայաստանյան այցերի ժամանակ հայտարարել են, որ դրական են տրամադրված վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ:
«Հայկական կողմը լավ գիտի, թե ինչ մտահոգություններ ունեն ԵՄ առանձին երկրները ու դրանց հիման վրա Հայաստանի արձագանքը պետք է լիարժեք լինի: Վիզայի ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ շարժունության ապահովման երաշխիքներ և մեխանիզմներ կան: Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն ու կարծում եմ, այս պահի դրությամբ այն շփումները, որոնք հայկական կողմն իրականացնում է, օգտակար են դեպի այս որոշումը մեզ առաջ տանելու համար», - նշեց Սվիտալսկին:
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի սկզբին Բրյուսել կայանալիք այցին՝ Պյոտր Սվիտալսկին ասաց, որ քննարկելու են Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո տարբեր ակնկալիքների և կարիքների մասին: Անհմաբերությամբ են սպասում՝ արդյունավետ և բարեկամական երկխոսության: