Ըստ կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի, դիմումատուների նպատակն այլ է:
«Մտածում են, որ դա ինչ-որ առավելություններ է տալու իրենց պետական աշխատանքի անցնելու կամ առհասարակ ինչ-որ արտոնություններ են ունենալու: Նման բան չի կարող լինել և մինչև հիմա մենք չենք հաստատել այդ դիմումները: Շատ հեշտ էր․ ընդամենը վարչության նիստի ժամանակ բոլոր դիմումները հաստատել և տեղեկացնել այդ մարդկանց», - ասաց Նազարյանը:
«Քաղաքացիական պայմանագիրը» չի գնալու Հանրապետականի ճանապարհով․ գլխաքանակ ապահովելու համար դիմումներ չեն հաստատվի․ - «Եվ չեմ կարծում, որ մենք կընդունենք բոլոր այն մարդկանց, ովքեր դիմում են ներկայացրել: Մենք չենք ուզում մեր կազմում ներառել մարդկանց, որոնք պարզապես սովոր են լինել օրվա կուսակցության կազմում»:
Կուսակցության վարչության ներկայացուցիչը վստահեցնում է, որ իշխանություն լինելով, չեն կուսակցականացնի պետական կառավարման համակարգը, ինչպես դա արել էին նախորդ իշխանությունները․ - «Մենք ուզում ենք կուսակցությունը համալրել բացառապես գաղափարական մարդկանցով, որոնք հասկանում են ինչ է կուսակցությունը, ինչի համար է կուսակցությունը և ցանկանում են ներգրավվել պետական համակարգում, քանի որ ունեն կարողություններ, գիտելիք, փորձ, և ուզում են մատուցել իրենց ծառայությունը, կամ պարզապես ուզում են լինել կուսակցությունում, ֆինանսավորել կուսակցությունը և վերահսկել կուսակցությունը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը ղեկավարում է Սասուն Միքայելյանը: Փաշինյանը վարչության կազմում է: Այս տարի նախատեսված է կուսակցության հերթական համագումարը, որի ժամանակ կձևավորվի նոր ղեկավար կազմ: