Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների և նախագահի ընտրությունը այսուհետև տեղի կունենա հատուկ հանձնաժողովի միջոցով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը:
Եթե նախկինում հանրապետության նախագահն էր նշանակում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին, ապա այս տարի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կազմավորում է մրցութային հանձնաժողով: Ընդ որում, այս տարի հանձնաժողովի կազմում ներգրավվելու են քաղացիական հասարակության, գիտակրթական հանրության և պետական կառույցների ներկայացուցիչներ:
«Այսօրվա նախագահի լիազորությունները՝ Ռուբեն Ջաղինյանի, ավարտվում են մարտի 3-ին, դրանից երեք օր հետո պետք է հայտարարվի մրցույթը, այսինքն՝ մոտավորապես ամսի 6-ին, և արդեն մրցութային հանձնաժողովը կսկսի ստանալ այն առաջարկները, այն գործերը, որոնց մեջ, այդ մարդկանց մեջ պետք է ընտրություն կատարի։ Ծրագրային դրույթներ պետք է ներկայացնի թեկնածուն, աշխուժությունը շատ է, հետաքրքրությունը մեծ է։ Բայց մի բան ես ուզում եմ հավաստիացնեմ՝ առայսօր այդպես է, ես, երբ մեր ՀՌԱՀ նախագահին փոխարինում էի նոյեմբերին, դեկտեմբերին և հունվարի վերջ ստանձնեցի նախագահի պարտականությունները, ես ձեզ վստահեցում եմ՝ կառավարությունը և իշխանությունը մեր գործերի մեջ չեն խառնվում։ Ես նույնիսկ ինձ անտեսված եմ զգում հաճելիորեն, ես ո՛չ վարչապետի հետ, ո՛չ փոխվարչապետների հետ, ոչ մեկի հետ շփման մեջ չկամ։ Ինձ ոչ մեկ չի զանգում, չի ասում՝ այս պիտի անես, այն պիտի անես։ Այդ դաբրոների կարգավորման ժամանակը խոր անցյալում է», - ասաց Տիգրան Հակոբյանը։
Նա համոզված է՝ այս մրցույթը ոչ թե «դաբրոներով», այլ կոշտ մրցակցության պայմաններում կլինի։
«Այդ մրցութային հանձնաժողովի կազմը շատ տարբեր մարդիկ են, տարբեր հայացքներով։ Մենք փորձեցինք այդպիսի կառույց ստեղծել, որը կլինի վերիշխանական, վերկուսակցական, վերքաղաքական, որն ի վերջո կընտրի այն անձին և այն ծրագիրը, որը շատ պիտանի կլինի մեր հեռարձակողի համար», - նշեց Հակոբյանը։
Ընտրություններն այսպես կազմակերպելը ավելի ժողովրդավարական է համարում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Շատ կարևոր է, որպեսզի վերջնական արդյունքը՝ իսկապես լավագույն թեկնածուն ընտրվի և դառնա հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, որովհետև մենք բոլորս էլ ակնկալում ենք և ուզում ենք, որպեսզի փոփոխություններ տեղի ունենան և՛ կադրային, և՛ ստեղծագործական և առհասարակ կոնցեպտուալ փոփոխություններ տեղի ունենան Հանրային հեռուստառադիոընկերությունում։ Հանրայինը եղել է նախագահական աշխատակազմի խոսափողն ու երբեք չի կատարել իր հանրային ֆունկցիան։ Հեղափոխությունից հետո պետք է էդտեղ էլ հեղափոխական փոփխություններ տեղի ունենան, և այդ հեռուստաընկերությունը ոչ թե օրվա իշխանությանը ծառայի, այլ հանրությանը ծառայի», - ընդգծեց Աշոտ Մելիքյանը։
Սա ճանապարհ է, որպեսզի ավելի որակյալ, արդյունավետ հանրային հեռարձակող ունենանք, կարծում է «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։
«Շատ կարևոր է, թե ինչպիսի մարդիկ կլինեն այդ խորհրդի կազմում, ինչ մտածողության տեր մարդիկ։ Անձամբ ինձ շատ կարևոր է, որ լինեն մարդիկ, ովքեր կհարգեն բազմակարծությունը, բազմազանությունը, հանրային կյանքում եղած գաղափարախոսությունները, մտքերը, վեճերը բերեն հանրային հեռարձակում, կրթական որակյալ ֆունկցիա կատարեն, մշակութային իրազեկում և էլի մի քանի ուրիշ բաղադրիչներ։ Հիմա, ասենք, ես քվեարկելու եմ, թեկնածուների միջից ընտրելու եմ այն մեկին, ով առավելագույնը կհամապատասխանի իմ ընկալումներին, որպես հանձնաժողովի անդամ և իհարկե, օրենքի պահանջներին պետք է բավարարի էդ թեկնածուն», - ասաց Բարսեղյանը։
2013 թվականի մարտի 1-ին Հայաստանի նախագահի հրամանագրով Ռուբեն Ջաղինյանը նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով, օրեր անց՝ մարտի 5-ին ընտրվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։