Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ժամանել է Վիետնամ՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ամերիկա-հյուսիսկորեական երկօրյա գագաթնաժողովին մասնակցելու համար, որը մեկնարկելու է վաղը, Կիմ Չեն Ունը ժամանել է գնացքով, կայարանում կարմիր գորգի վրա և պատվո պահակախմբով նրան դիմավորել են վիետնամցի բարձրաստիճան պաշտոնյաները:
Նախատեսվում է, որ Թրամփը Հանոյ կհասնի երեքշաբթի օրը: Թռիչքից առաջ Սպիտակ տան ղեկավարը Թվիթերում գրել է. - «Լիակատար ապամիջուկայնացումից հետո Հյուսիսային Կորեան արագ կդառնա տնտեսական աճի գեներատոր: Առանց դրա՝ կմնա այն, ինչ կա: Նախագահ Կիմը ճիշտ որոշում կկայացնի»:
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները երկրորդ անգամ են հանդիպելու՝ շարունակելու քննարկումները Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ: Վիետնամից առաջ Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ունը հանդիպել են Սինգապուրում անցած տարվա հունիսին և փաստաթուղթ ստորագրել, որով Փհենյանը պարտավորվել է միջուկային զինաթափում իրականացնել ի պատասխան ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների: Սակայն ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային փորձարկումները: