Շիրակի մարզպետ․ Բերեք անձերի տիրույթից դուրս գանք

Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել մարզի դպրոցների տնօրեններին: Սկզբում լրատվամիջոցների ներկայությամբ, հետո՝ արդեն դռնփակ:

Մարզպետն իր մտահոգությունները կիսեց ու ընդգծեց, որ կարմիր գիծ է գծում, որից այն կողմ անցնելու պարագայում չի պատրաստվում որպես գործատու շարունակել գիծը հատած տնօրենի հետ աշխատել․ - «Առաջինը գիտակցված գործողություններն են, որոնց արդյունքում տուժելու է մեր պետության հեղինակությունը: Երկրորդը էդ գործողություններն են, որոնց արդյունքում տուժելու մեր երկրում մեծ փոփոխությունների հավատի նկատմամբ մոտեցումը»:

Շիրակի մարզում կրթական ոլորտն ամենաշատ աշխատատեղեր ապահովողն է՝ մոտ 4 հազար մանկավարժ կա, և մարզին տրամադրվող բյուջեի մեծ մասը՝ շուրջ 6 մլրդ դրամ կրթական ոլորտին է բաժին հասնում: Կրթական համակարգում վերջին շրջանում իրավապահների կողմից բազմաթիվ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտվեցին: Շիրակի մարզի դպրոցների տնօրեններ ևս կան, ում դեմ քրեական գործեր են հարուցվել:

Գյումրիի թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, ըստ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի, ընդունել է, որ պաշտոնեական դիրքն է չարաշահել և փաստաթղթի կեղծիք կատարել: Սակայն դատախազը որոշել է քրեական գործի վարույթը կարճել, քանի որ միայն տնօրենն ընդգրկված չի եղել․ - «Մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցանք, բայց ես նպատակահարմար չգտա դատել՝ այն պատճառաբանությամբ, որ էս փուլում և՛ իրեն, և՛ 25 ուսուցչի դատելը աննպատակահարմար էր»:

Մարզի դատախազը նաև միջնորդագիր է ներկայացրել մարզպետին՝ թիվ 19 դպրոցի տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը քննարկել:

Մարզպետն ասաց, որ ցանկանում է «որոշակի առումով ծանոթանալ խնդիրներին»:

Կրթական համակարգի խնդիրները, ըստ մարզպետի, նաև հետևանք են այն բանի, որ համակարգը տարիներ շարունակ քաղաքական նպատակների է ծառայել:

«Եթե տնտեսական հեղափոխություն ենք իրականացնելու, դա հենց դպրոցից է սկսվելու», - համոզված է Տիգրան Պետրոսյանը:

Տիգրան Պետրոսյանը նաև անելիքներից խոսեց․ օրինակ, առաջիկայում դիզվառելիքով ջեռուցվող դպրոցների հարցն է լուծվելու:

Ստեղծելու են ուսուցիչների բանկ, որ թափուր աշխատատեղերն անմիջապես համալրվեն:

Արդյո՞ք պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում եղել են դեպքեր, երբ «միջնորդները» փորձել են հարցեր լուծելու համար «բարեխոսել»:

Մարզպետն արձագանքեց․ - «Մենք անձերից դուրս ենք գալիս: Լինելով նաև էս քաղաքում ծնված-մեծացած մարդ, ով որ շատ-շատերի հետ նաև հարաբերություններ ունի անձնական տիրույթում, ես բոլորին խնդրել եմ, որ բերեք անձերի տիրույթից դուրս գանք»: