Տեր-Պետրոսյան․ «Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու գաղափարը ցնորալի է»

Լևոն Տեր-Պետրոսյան և Նիկոլ Փաշինյան, մայիս, 2011թ․

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր iLur.am կայքէջում հոդված է հրապարակել իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների վերաբերյալ։

Որպես առիթ օգտագործելով վերջերս մամուլում շրջանառվող լուրերը այն մասին, թե Փաշինյանն իր հոգեզավակն է, ինքն էլ՝ նրա կնքահայրը, առաջին նախագահը որպես իր լռությունը խախտելու պատճառ է նշում բացառապես վարչապետին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելը։

Տեր-Պետրոսյանը կատարյալ անհեթեթություն է որակում նման լուրերը՝ հիշեցնելով Փաշինյանի անցած ուղու մասին։ Ըստ այդմ, լրագրող աշխատած տարիներին Փաշինյանը եղել է Տեր-Պետրոսյանի ամենախիստ և անհաշտ քննադատներից մեկը։ Քաղաքականություն մտնելուց հետո մինչև 2014 թվականը դադարեցրել է քննադատությունը և այն վերսկսել արդեն ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» համագործակցության կայացումից հետո, երբ Փաշինյանը խզեց իր հարաբերությունները Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի հետ։ «Այս ամենը նշանակում է, որ միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը», - գրում է Հայաստանի առաջին նախագահը։

Տեր-Պետրոսյանը նաև հերքում է պնդումները, թե վարչապետն ամեն երեկո զանգահարում է իրեն և խորհուրդներ հարցնում։ Նա հիշեցնում է, որ 2012-ից հետո Փաշինյանին հանդիպել է ընդամենը մեկ անգամ՝ 2018 թվականի հուլիսի 16-ին, այդ մասին կա պաշտոնական տեղեկատվություն։ «Դրանից հետո վարչապետի հետ ես որևէ հեռախոսազրույց կամ միջնորդների միջոցով որևէ շփում չեմ ունեցել։ Ես ընդհանրապես խորհուրդ տալու սովորություն չունեմ, քանի որ համոզմունքս է, որ դրանից ավելի անիմաստ զբաղմունք գոյություն չունի։ Իսկ երբ խորհրդի համար որևէ մեկը ինձ է դիմում, ես բավարարվում եմ պարզապես խնդրի վերաբերյալ կարծիք հայտնելով, ոչինչ ավելի, և եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կամ չարաչար սխալվում են, կամ ընդհանրապես այդ մարդուն չեն ճանաչում, կամ էլ նրա մասին դատում են սեփական հակումներով։ Ես Փաշինյանից ավելի անկախ և ինքնաբավ մարդու չեմ հանդիպել», - գրում է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահը նաև հերքել է այն պնդումը, թե Փաշինյանն իրենից որդեգրել է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը և իրականացնում է Ղարաբաղի հարցի կարգավորման իր «պարտվողական» ծրագիրը։ «Միանգամից նշեմ, որ ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը երբևէ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը չենք օգտագործել։ Դա բացարձակ հերյուրանք է, մոգոնված չարակամների ու ձեռնածուների կողմից», - գրում է Տեր-Պետրոսյանը։ Ըստ նրա, ի տարբերություն Հայաստանի երեք նախագահների՝ Փաշինյանի ծրագիրը դեռևս հայտնի չէ, և վարչապետը առայժմ բավարարվել է միայն խնդրի վերաբերյալ որոշ սկզբունքների, մասնավորապես՝ Ղարաբաղի անունից բանակցելու «քոչարյանա-սարգսյանական դիրքորոշումից» հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ ի՝ որպես լիիրավ հակամարտող կողմի երբեմնի կարգավիճակը վերականգնելու անհրաժեշտության շեշտադրմամբ։

«Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչպիսի ծրագրով էլ Փաշինյանը հանդես գա, դա լինելու է իր սեփական ծրագիրը, ինչպես եղել է թե՛ իմ, թե՛ Քոչարյանի, և թե՛ Սարգսյանի պարագայում», - ընդգծում է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահն անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի՝ Սահմանադրության փոփոխմամբ կիսանախագահական համակարգի վերականգնման առաջարկին։ Նա հիշեցնում է, որ իր ղեկավարած կուսակցությունը մշտապես դեմ է եղել Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը։ «Այսօր էլ մենք գտնում ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը Հայաստանի առջև կանգնած ներկայիս բազմաթիվ մարտահրավերների պարագայում ուղղակի փորձանք է մեր երկրի համար, որովհետև այն մշտական ցնցումների և սահմանադրական ճգնաժամերի աղբյուր է հանդիսանում», - գրում է առաջին նախագահը և կրկին շեշտում՝ խորհրդարանական համակարգին անցումը Սերժ Սարգսյանի երրորդ անգամ ընտրվելու արգելքը հաղթահարելու համար էր, և նոր Սահմանադրությունը «Սարգսյանի համար է կարված»։

Միաժամանակ, Տեր-Պետրոսյանը շեշտում է՝ եթե չփոխվեր Սահմանադրությունը և նախագահական ընտրություններ անցկացվեին, նախագահ կընտրվեր Փաշինյանը, քանի որ դա նրա աստեղային ժամն էր, և գործող իշխանությունը երկրորդ «Մարտի 1» չէր կարող անել։

«Այդ պարագայում 2017 թվականին ընտրված խորհրդարանը չորս տարի ժամանակ կունենար պահպանելու իր կազմը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն և իր դաշնակից կուսակցությունները, մեծամասնություն ունենալով, լուրջ հակակշիռ կդառնային նախագահի համար և այսօրվա լուսանցքային վիճակում չէին հայտնվի», - գրում է Հայաստանի առաջին նախագահը։

Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտում է՝ Հայ ազգային կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կերտմանը մասնակցություն չի ունեցել, չհաշված իրենց կուսակցության մի մասի ներկայությունը նրա կազմակերպած համաժողովրդական երթերում և հանրահավաքներում։ «Այնպես որ, մենք Փաշինյանի հաղթանակի «տորթից» բաժին չենք ակնկալում։ Դրա հետ մեկտեղ բազմիցս հայտարարել ենք, որ ամեն ինչով պատրաստ ենք աջակցելու Հայաստանի նոր իշխանությունների՝ մեր երկրի բարգավաճմանը և զարգացմանը միտված բոլոր ջանքերին», - գրում է առաջին նախագահը:

Ըստ Տեր-Պետրոսյանի, «նմանատիպ այլ անհեթեթությունների, ստերի և հերյուրանքների տարածումը ղեկավարվում է ժողովրդից թալանված հսկայական ֆինանսական և մեդիա-ռեսուրսների տիրապետող մեկ կենտրոնից, որի նպատակն է ցանկացած գնով արդարադատությունից փրկել «Մարտի 1»-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուներին և, օգտվելով գործող իշխանության անխուսափելի սխալներից ու բացթողումներից, դժգոհության ալիք բարձրացնել նրա դեմ և պերմանենտ ցնցումների միջոցով տապալել այն ու վերականգնել ավազակապետական վարչակարգը, հոգ չէ, թե դրա հետևանքով կկործանվեն Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ»։

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային դավաճանություն։ Պարտված վարչախումբը, փաստորեն, պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին և նրա ընտրած իշխանությանը։ Ուստի, ժողովրդի պարտքն է ընդունել այդ մարտահրավերը և ուժգին հակահարված տալ հակապետական ուժերին», - գրում է Հայաստանի առաջին նախագահը: