Մարզերի դպրոցներում մշտադիտարկումը մի շարք լուրջ խնդիրներ է բացահայտել

Դպրոց Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ

Մասնագետները Հայաստանի տարբեր մարզերի 50 դպրոցներում անցած տարի իրականացրած մշտադիտարկման արդյունքում մի շարք լուրջ խնդիրներ են բացահայտել։ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ուսումնասիրել են դպրոցների նյութատեխնիկական և սանիտարահիգիենիկ պայմանները, նաև հարցումներ անցկացրել ուսուցիչների ու աշակերտների շրջանում։

«Փորձել ենք հասկանալ՝ դպրոցի ընդհանուր պայմաններ, սանհանգույցների մաքրություն, ընդհանուր մաքրություն ինչպիսին են, տեսնում ենք, որ մտահոգիչ են աշակերտների համար, օրինակ, սանհագույցների մաքրությունը՝ 41 տոկոսը դժգոհ է ընդհանուր առմամբ: Դպրոցի շենքային պայմաններից ուսուցիչներն ավելի շատ են դժգոհ, քան աշակերտները: Դպրոցի ջեռուցումից աշակերտներն ավելի շատ են դժգոհ: Սա ևս քննարկման և մտածելու տեղիք է տալիս», - ասաց ծրագրի կրթության ոլորտի փորձագետ Մարինա Գալստյանը:

Դպրոցները, համաձայն սահմանված պետական նորմատիվների, պետք է ապահովված լինեն խմելու ջրով, սակայն Գալստյանն ասում է՝ շատ ուսումնական հաստատություններ նույնիսկ այդ նվազագույն պայմանը չեն ապահովում. - «Սա ևս օրենքի պահանջ է, որ խմելու մաքուր ջուր պետք է լինի դպրոցում: Աշակերտների 12 տոկոսը, ուսուցիչների 8 տոկոսն է նշել, որ խմելու ջրից օգտվելու հնարավորություն չունի, բայց դիտարկման արդյունքները մի քիչ ավելի շատ են՝ 23 տոկոսն է նշել»:

Շիրակի մարզպետարանի կրթական ոլորտի պատասխանատուներից Գևորգ Ղումաշյանը նկատեց՝ մարզի տասնյակ դպրոցներում խմելու ջուր չկա, որովհետև հենց համայնքներն են ջրազուրկ:

Թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները, ըստ մոնիթորինգի արդյունքների, ամենաշատը բողոքել են սանհանգույցների բացակայությունից կամ դրանց անմխիթարական վիճակից:

Մյուս խնդիրը մարզադահլիճների բացակայությունն է՝ հատկապես Շիրակի մարզում: Թեև դպրոցների մեծ մասը երկրաշարժից հետո է կառուցվել, բայց պարզվում է՝ մարզադահլիճը «թանկ հաճույք» են համարել ու նախագծից դուրս թողել: «Նախագծեր կազմելու ժամանակ առաջինը նախագծից հանվում է, չգիտես ինչի, մարզադահլիճը», - նշեց Ղումաշյանը՝ մանրամասնելով․ - «Ինչի՝ իրենք շատ ծախսատար են, միանգամից որ հանեն, նախագծողի ենթադրությամբ՝ նախահաշիվը փոքր է լինում և չի խանգարում դասապրոցեսին, դասընթացին»:

Աշակերտների առողջական վիճակի ստուգումներին էլ են անդրադարձել: Սահմանված նորմատիվներով աշակերտները պետք է պարտադիր մի շարք բուժզննություններ անցնեն՝ սկսած տեսողությունից մինչև քաշի ստուգում: Սակայն պարզվել է, որ այստեղ ևս մեծ բացթողում կա:

«Շատ զննումներ կան՝ աշակերտները նշել են, որ չեն անցել, օրինակ՝ զարկերակային ճնշում, մարմնի զանգվածի ցուցանիշ, տեսողության, լսողության, ստոմատոլոգի, նյարդաբանի, ողնաշարի զննումը, որ էդ տարիքում ամենակարևոր խնդիրներից է, չեն անցել երեխաները, հեմոգլոբինի որոշումը: Եվ կան ստուգումներ, որը չեն անցել՝ ո՛չ պոլիկլինիկայում, ո՛չ դպրոցում», - ընդգծեց Մարինա Գալստյանը:

Ծրագրի պատասխանատուները պատրաստվում են մշտադիտարկման արդյունքում բացահայտված խախտումների, նաև դպրոցներից հնչած առաջարկների հիման վրա առաջարկությունների փաթեթ մշակել ու ներկայացնել Կրթության և գիտության նախարարությանը։