Վարչապետի խոսնակ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն այս պահին դեռ համաձայնություն չկա», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«Կան բանակցություններ, և մենք, շատ կարևորելով անվտանգության նշանակալի բաղադրիչ ՀԱՊԿ-ում մեր համագործակցությունը, նաև մեծ նշանակություն տալով ՀԱՊԿ-ի կատարելագործմանը, ավելի էֆեկտիվ գործունեությանը, ամեն բան պետք է անենք, որպեսզի հեղինակությունը կազմակերպության չվնասվի, և նման կարգի որոշումները կայացվեն Կանոնադրության պահպանմամբ: Իսկ Կանոնադրությունը ասում է, որ բոլոր երկրների ղեկավարները պետք է գան համաձայնության այս կամ այն թեկնածուի վերաբերյալ: Այս պահին դեռ համաձայնությունը չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Մոսկովյան Коммерсант պարբերականը, հղում տալով իր աղբյուրներին, այսօր գրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակումը հետաձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջող կեցվածքի պատճառով:

Ըստ լրատվամիջոցի, կազմակերպությունում արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը մինչև 2020 թվականի սկիզբը չի ունենա «լիարժեք գլխավոր քարտուղար», և դաշինքի աշխատանքները կշարունակի համակարգել գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, Ռուսաստանը ներկայացնող Վալերի Սեմերիկովը:

«Ելենում ենք նրանից, որ մինչև 2020 թվականի սկիզբը ՀԱՊԿ-ը ղեկավարելու է ժամանակավոր պաշտոնակատարը: [Նոր գլխավոր քարտուղարի] նշանակմանը սպասում ենք հաջորդ տարի: Կազմակերպությունում կոլլապս չկա, այն աշխատում է համաձայն ծրագրերի»,- Коммерсант-ին փոխանցել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկացված աղբյուրը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը մտավ օրակարգ, երբ 2017թվականի ապրիլից այդ պաշտոնը զբաղեցնող Հայաստանի ներկայացուցիչ, երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրվին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով: Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Խաչատուրովը ազատվել է պաշտոնից:

Մեղադրանքի առաջադրումից հետո պաշտոնական Երևանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկեց սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկնոն առաջադրեց Ստանիսլավ Զասի թեկնածությունը, ում իրենց աջակցությունը հայտնեցին նաև Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները:

ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածի համաձայն, «Գլխավոր քարտուղարը՝ [կազմակերպության] Արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ, նշանակվում է [կազմակերպության] Խորհրդի որոշմամբ՝ երեք տարի ժամկետով»:

Նույն հոդվածում նշված է, որ գլխավոր քարտուղարը պետք է լինի ՀԱՊԿ անդամ-պետության քաղաքացի:

Կանոնադրության 12-րդ հոդվածի համաձայն, ՀԱՊԿ ղեկավար մարմիններում, ներառյալ բարձրագույն մարմնում՝ Խորհրդում, կամ Արտաքին գործերի նախարարների խորհրդում որոշումները կայացվում են կոնսենսուսով:

Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին անցած ժամանակահատվածում ընդունել են ՀԱՊԿ անդամ այն երկրների մայրաքաղաքներում, որոնք իրնեց աջակցությունն են հայտնել նրա թեկնածությանը:

Ըստ բելառուսական կողմի, Զասին ընդունել է նաև Ռուսաստանի նախագահը, թեև ռուսական պաշտոնական աղբյուրները այդ մասին ոչինչ չեն հաղորդել:

Զասը մի քանի անգամ, այդ թվում երեկ հրապարակավ ցանկություն է հայտնել այցելել Երևան ու հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ:

Վլադիմիր Կարապետյանին այսօր հարցրեցինք՝ պատրաստվու՞մ են ընդունել Զասին:

«Մենք օրակարգում այսօր նման հարց չունենք», - արձագանքեց վարչապետի խոսնակը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ այսօր արտահայտվել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանն ու դաշինիք անդամ մյուս երկրները տագնապ չեն ապրում, որ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվում է: Նա հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև որոշակի հակասություններ կան, որոնք ներկայումս կարգավորվում են: