Չորս տասնյակից ավելի ֆիլմեր են հավակնում Կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակներին

Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյան

Յոթ տարի առաջ հիմնադրված Հայաստանի ազգային կինոակադեմիան 2019 թվականի ապրիլի 16-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կանցկացնի «Անահիտ» 2-րդ մրցանակաբախշությունը, որին 12 անվանակարգերում կներկայացվեն վերջին երկու տարիներին նկարահանված ավելի քան 40 ֆիլմեր:

Մրցանակաբախշությանը մասնակցելու համար հայտերն ընդունվում են փետրվարի 22-ից մինչև մարտի 11-ը:

«Անահիտ» առաջին մրցանակաբախշությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ, և, ինչպես այսօր հրավիրած ասուլիսին շեշտում էր Կինոակադեմիայի հիմնադիրներից Կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, անպայման պիտի շարունակվի․ - «Մրցանակաբաշխության համար է ստեղծված ակադեմիան, ինչպես նաև ֆիլմերը աշխարհի բոլոր մրցանակաշխություններին ներկայացնելու համար: Դրանք են ակադեմիայի հիմնական գործառույթները»:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ երկու տարի առաջ Կինոակադեմիայի նախագահ ընտրված Վիգեն Չալդրանյանը Ամերիկայից ուղարկել է իր գրավոր հրաժարականը․ - «Առողջության պատճառով նա չի կարող շարունակել աշխատանքը: Ցավում ենք շատ»:

Կինոակադեմիայի յոթ անդամները վճռել են մրցանակաբախշության ավարտից հետո նոր նախագահ ընտրել իրենց կազմից, իսկ մինչ այդ որոշումները կընդունեն համատեղ: Որոշվել է նաև դիմնել կառավարությանն ու օրենսդրական մարմիններին որոշում ընդունելու ապրիլի 16-ը Հայկական կինոյի օր հռչակելու համար:

Հարություն Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչ են հենց հենց ապրիլի 16-ը ընտրել․ - «Դա առաջին հրամանն ա Խորհրդային Հայաստանում, որ պետք է ստեղծել Պետկինո»:

Մրցանակաբախշության 12 անվանակարգերում ֆիլմերի ընտրությունը կատարելու են բացառապես Կինոակադեմիայի նախագահության 7 անդամները՝ Էդգար Բաղդասարյանը, Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Ղազարյանը, Աննա Երզնկյանը, Գևորգ Գևորգյանը, Մարտին Ադոյանը և Հարություն Խաչատրյանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ֆիլմ ներկայացնելու, Հարություն Խաչատրյանը պատասխանեց․ - «Անպայման իրավունք ունեն ներկայացնելու, բայց այդ դեպքում չեն մասնակցելու ընտրություններին: Նորմալ է դա, ընդունված ձև է: Հիմնականում նորմալ կինեմատոգրաֆիստները ակադեմիայի անդամներն են: Եթե նրանք էլ չներկայացնեն, կարող է ֆիլմ չունենանք ներկայացնելու: Եվ բաց է լինելու․ ամեն մի ակադեմիայի անդամ, որը կցանկանա հասկանալ, թե ինչի ստացել է այս ֆիլմը և չի ստացել այն ֆիլմը, գաղտնիքներ չպետք է լինեն: Կարող է գալ, նստել և նայել, թե ովքեր են դեմ տվել, ովքեր են կողմ տվել: Այսինքն չպետք է փակ բան լինի, որ կասկածեն, որ ծածկադմփոց ա եղել»:

Ասուլիսին ներկա կինոակադեմիայի մեկ այլ հիմնադիր անդամ՝ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ասաց․ - «Մրցանակաբաշխության հիմնական կարևորագույն նպատակը որոշակի խթան և վեկտոր ցույց տալն է այն սերնդին, որը գալիս է, որը նոր է մուտք գործում կինո կամ արդեն կինոյում է: Դրան պիտի նպաստի առաջին հերթին»:

Հարություն Խաչատրյանը հավելեց, որ մրցանակաբախշության նպատակներից է նաև հնարավորինս շատ նոր, հատկապես երիտասարդ կինոռեժիսորներ ներգրավելը․ - «Շատ կարևոր է նրանց առաջ քաշելը, ցուցադրելը, ոգևորելը: Կարող է իրենք միանգամից մեծամտանան, կարող են կոպիտ խոսել, չոր խոսել, բայց պետք է հաշվի չառնես: Եթե դու նպատակ ունես ծաղկեցնելու կինոն, նպատակ ունես հայրություն անել երիտասարդներին, որպեսզի կինոն զարգացնեն և առաջ գնան, պիտի անպայման դիմանաս նրանց փշոտ կողմերին: Մեր մոռացել ենք կինեդեբյուտը, որը պետք է մեր ամենանուրբ տեղի լինի»:

«Անահիտ» 2-րդ մրցանակաբախշության ժամանակ ապրիլի 16-ին մրցանակի կարժանանան նաև հայ և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակ ունեցող և կինոյում մեծ հետք թողած հայ կինոգործիչներից երկուսը: