«Ամոթալի սուտ է, նման բան չի կարող լինել». Դավիթ Սանասարյանը՝ շքեղ մեքենա ձեռք բերելու լուրերի մասին

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն «ամոթալի սուտ» է որակում շքեղ մեքենա ձեռք բերելու մասին մամուլում շրջանառվող լուրերը։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Սանասարյանը հայտարարեց՝ շքեղամոլությամբ չի տառապում և իր կյանքի նպատակը երբևիցե դա չի եղել։

«Ազատություն». - Ի՞նչ մեքենայով եք այսօր եկել։

Սանասարյան. - Պետական մեքենա է։ Ես մոտ երկու ամիս ծառայողական մեքենա չեմ ունեցել, ավելին՝ նաև տաքսիով եմ ուղևորվել, բայց նաև անվտանգության խնդիր կա, պետությունը հատկացրել է ինձ մեքենա։

«Ազատություն». - Այլ փոխադրամիջոց այս ընթացքում ձեռք չե՞ք բերել, շքեղ մեքենայի մասին էր գրում մամուլը։

Սանասարյան. - Ո՛չ, ես ինքս շքեղամոլությամբ չեմ տառապել երբևիցե, իմ կյանքի նպատակը դա չի։ Տարբեր հրապարակումներ, ցեխ շպրտոցներ եղան, թե ստուգումների արդյունքում... ամոթալի սուտ է, նման բան չի կարող լինել, ես բացառում եմ, ոնց որ կարամ բացառեմ, որ իմ անունը կփոխվի, այլ անուն կլինի։ Որևիցե մեկը չի կարող ստուգման արդյունքում ինձ նվեր տա, որ ես ստուգումը չտեսնեմ, կամ այլ նպատակներով։ Ես պետական պաշտոնյա եմ, որևիցե նման նվերներ չեմ ընդունում։ Կոնկրետ մեր շենք մուտք գործող իմ ընկերները լավ գիտեն, որ ինձ խմիչքներ նվերներ չեն բերում, առհասարակ նվերներով չեն գալիս։ Կոնկրետ անվտանգության աշխատողները զգուշացված են, որ խմիչքներ, նվերներ պետք է չմտնեն։

«Ազատություն». - Ձեր խոսնակ Զարուհի Մեջլումյանի մասին. հնչեցին մեղադրանքներ, որ նա՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, նաև Ձեր լիազորությունները, առաջ է տանում սեփական շահը, այն է՝ իր ամուսնու՝ ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի ազատությանը հասնելու համար։

Սանասարյան. - Սուտ է, արդյունքում ի՞նչ եղավ։ Ասում էին, որ մենք ազդել ենք, Մհեր Ենոքյանը հեսա կազատվի։ Դե հիմա ի՞նչ եղավ։

«Ազատություն». - Ասում են՝ հանրային ճնշման տակ վարչապետը նահանջեց։

Սանասարյան. - Ասելով հո չի, որևիցե մեկը, ես ասել եմ, չի կարող դա ապացուցի, և շարունակում եմ դա պնդել՝ չի կարող ապացուցի, որ ես որևիցե մեկին զանգել եմ, ասել եմ՝ էս հարցով պետք ա առաջ գնալ։ Նախ՝ մենք կռիվ ենք տվել էդ զանգերի ինստիտուտի դեմ, կռիվ ենք տվել, որ էդ դատավարությունները զանգերով տեղի չունենան, որոշումները զանգերով, խնամի, ծանոթ, բարեկամ, տեղի չունենան, ես ո՞նց էդ քայլին գնամ։ Մեզ մեղադրողները նախկին իշխանությունից են հիմնականում՝ նախկին իշխանության համար ծառայություններ մատուցած անձինք են հիմնականում, կոնկրետ քարոզչամիջոց է, որ շարունակվում է մինչ օրս։

«Ազատություն». - Ինքը՝ Մեջլումյա՞նն էլ Ձեզ այս հարցով չի խնդրել, չի դիմել։

Սանասարյան. - Անգամ Մեջլումյանն անձամբ խնդրել է, որ որևիցե նման բան չլինի, որ որևիցե ձևով ես ինքս, թեկուզ ինֆորմացիայի ճշտման հարցով, նման բան չլինի, ես բացառում եմ։

«Ազատություն». - Ուրեմն նրա պաշտոնանկության մասին հարցը ես հանում եմ։

Սանասարյան. - Չկա պաշտոնանկության հարց։

«Ազատություն». - Պարգևավճար ստացե՞լ եք, պարոն Սանասարյան։

Սանասարյան. - Այո։ Կառաջարկեմ լրատվամիջոցներին, եթե կունենան նախագահի վերահսկողության [ծառայության] շենքի առաջվա դիմացի ավտոմեքենաների նկարներ, տեսնեն, թե ինչ ճոխ մեքենաներ են այնտեղ կանգնած, ու հիմա գան տեսնեն, թե ինչ համեստ ավտոպարկ կա այնտեղ։ Մեր աշխատողների մեծ մասի հույսը հենց էդ աշխատավարձն է։ Պետական վերահսկողական ծառայության աշխատողները գործ ունեն ռիսկերի հետ, վտանգների հետ գործ ունեն, որովհետև իրենց աշխատանքի արդյունքում մարդիկ գնալու են իրավական պատասխանատվության և այլն։ Ես ի սկզբանե վարչապետին եմ ներկայացրել, առհասարակ նաև քննարկումների ժամանակ, որ մեր աշխատավարձը պետք է բարձր լինի։ Մենք մեր այդ կարճ ժամանակահատվածում շատ արդյունավետ գործ ենք արել ու պետական բյուջե ենք բերել 827 միլիոն դրամ, մեր պարգևատրման էդ ողջ բանը կազմել է 40 քանի միլիոն։ Ես ինչո՞ւ չեմ հրաժարվել, իհարկե կարող էի հրաժարվել, բայց իմ ընտանիքը շատ համեստ միջոցներով ապրում է աշխատավարձով։ Մենք այլ եկամուտներ չունենք, գիշեր-ցերեկ ես կտրվում եմ իմ ընտանիքից, և էդ միջոցները ոչ գողություն են, ոչ էլ... դա օրինական, որևիցե խախտում չանելով ես ստացել եմ այդ պարգևավճարը, բայց այդ պարգևավճարը միլիոններ չի կազմել։

«Ազատություն». - Ձեր աշխատավարձի չափո՞վ է եղել։

Սանասարյան. - Այո։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ