Վանեցյան․ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը քաղաքական հետապնդման չի ենթարկվում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան

«Սերժ Սարգսյանի եղբայրը՝ խարդախության մեջ մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը 18,5 միլիոն դոլար բյուջե փոխանցելուց բացի, պետությանը վճարել է ևս 11,5 միլիոն՝ իբրև չկատարած հարկային պարտավորություն», - լրագրողների հետ զրույցում այսօր նաև տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ալեքսանդր Սարգսյանի քրեական գործով ԱԱԾ-ն է զբաղվում: Նրա փաստաբանի պնդմամբ, խարդախության մեղադրանքը Սարգսյանին առաջադրվել է անցած ամռանը նրա տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործով:

Աշնանը Նիկոլ Փաշինյանը պահանջել էր Սերժ Սարգսյանի եղբորից պետբյուջե կամավոր վերադարձնել միայն մեկ բանկում կալանքի տակ առնված 30 միլիոն դոլարը։ Ալեքսանդր Սարգսյանն ի պատասխան պնդել էր, թե այդ գումարները օրինական ճանապարհով է ձեռք բերել, բայց և հավելել, որ Հայաստանում օրինականություն հաստատվելու դեպքում պատրաստ է այդ 30 միլիոնի որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել պետությանը՝ իր նախընտրած ոլորտը զարգացնելու և «իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով»:

Թե ինչ պայմանավորվածությունների շրջանակներում է Ալեքսանդր Սարգսյանը միլիոնավոր դոլարներ վերադարձրել պետությանը, Վանեցյանը չբացահայտեց՝ ասելով, թե թող դրա մասին Ալեքսանդր Սարգսյանը խոսի:

Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը նույնպես հրաժարվեց մեկնաբանել, թե 18,5 միլիոն դոլարը իր պաշտպանյալն ինչու է փոխանցել պետությանը: Անգամ հայտարարեց՝ ինքը ո՛չ հաստատում է, ո՛չ էլ հերքում է գումար փոխանցելու փաստը, քանի որ կա ընթացող քրեական գործը:

Երկու օր առաջ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր հաստատել, որ Ալեքսանդր Սարգսյանը պետբյուջե է փոխանցել 18,5 մլն դոլար:

«Մնացած 11 միլիոն 500 հազար դոլարը եղել են հարկային պարտավորություններ, չարաշահումներ և այլն, և այլն․․․ Դեռևս քննությունը շարունակվում է, և արդյունքները կլինեն», - հավելել էր Վլադիմիր Կարապետյանը:

«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը քաղաքական հետապնդման չի ենթարկվում», - այսօր պնդեց ԱԱԾ տնօրենն՝ նշելով, թե Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել փաստերի, անձանց ցուցմունքների հիման վրա:

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։

Այս գործն էլ է ԱԱԾ-ում, և երկու օր առաջ Վանեցյանի ղեկավարած կառույցը հաղորդագրությամբ մանրամասներ ներկայացրեց հարկերից խուսափելու և փողերի լվացման կիրառված մեխանիզմի մասին:

Կարճ ժամանակ անց Ռոբետր Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շտապեց հայտարարել՝ կրտսեր Քոչարյանը պատրաստվում է դատի տալ Ազգային անվտանգության ծառայությանը՝ իր անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտելու համար։

Սեդրակ Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում, իր դեմ հարուղված քրեական գործը համարում է «ընտանիքի հանդեպ վայրագ ու բարոյականությունից զուրկ իշխանական հարձակում»։

«Դատի տալը դա ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Պարոն Քոչարյանը կարող է դատի տալ, և դատարանը կորոշի մեղավոր ենք, թե մեղավոր չենք: Երկրորդը, քաղաքական հետապնդման որևէ բան չկա: Անմեղության կանխավարկած խախտելու ընդհանրապես բան չկա: Քննչական դեպարտամենտի կողմից ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները, որ հիմք են տվել քրեական գործ հարուցել և մեղադրանք առաջադրել: Ռոբերտ Քոչարյանը ունեցել է իր գործունեության ընթացքում շատ նաև դրական գործեր, ներդրում ունեցել է: Եվ ես, որպես սպա, որպես ազգային անվտանգության ծառայող, որ ծառայել է այդ տարիներին, ես չեմ կարող որևէ անձնական կամ ինչ-որ այլ-այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ», - նշեվ Վանեցյանը:


Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՊԵԿ-ն ղեկավարած, նաև Ֆինանսների նախարար աշխատած Գագիկ Խաչատրյանը չի հրավիրվել ԱԱԾ։ Տեղեկությունը մամուլն էր տարածել՝ պնդելով, թե նրանից պահանջել են վերադարձնել կասկածելի ծագման գումարները:

«Ես հիմա եթե ձեզ ասեմ, որ այդ ուղղությամբ մենք աշխատանքներ չենք իրականացնում, կստեմ: Բայց դեռևս չի հասունացել այն պահը, որ լինեն կոնկրետ քննչական գործողություններ և հրավերներ ԱԱԾ քննչական դեպարտամենտ», - հավելեց Արթուր Վանեցյանը: