Պատմական Սուր շրջանում շուրջ 4 տարի առաջ թուրքական ուժայինների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մեծապես տուժել էին շրջակա պատմական կառույցները: Դրանց մի մասը վերականգնվել էր պետական աջակցությամբ, սակայն Հայկական Սուրբ Կիրակոսի և քաղդեական Մառ Պետյուն եկեղեցիների վերանորոգումը հնարավոր չէր եղել համայնքային հիմնադրամների միջոցների սղության պատճառով:
Հիմնադրամների ղեկավարության դիմումի համաձայն Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը որոշել է ֆինանսավորել այդ երկու եկեղեցիների վերակառուցումը: Նախատեսվում է, որ համապատասխան աշխատանքները կմեկնարկեն արդեն հաջորդ ամիս:
Սուր վարչական շրջանի ղեկավար Աբդուլահ Չիֆթչին Անադոլու գործակալությանը հայտնել է, որ պետությունը կհոգա հայկական և քաղդեական եկեղեցիների վերականգնման ծախսերը․ - «Այլ կրոններին պատկանող արժեքները համարում ենք նաև մերը և աշխատանքներ տանում դրանց պահպանման ուղղությամբ: Այդ կառույցները ևս մեր քաղաքակրթության համար կարևորություն ունեն են ու հարգանքի են արժանի: Պետությունը ամբողջությամբ կվերականգնի եկեղեցիները և կբացի այցելուների համար»:
Հիմնադրամների տարածքային վարչության նախագահ Մեթին Էվսենը թուրքական լրատվամիջոցին պատմել է, որ այս ընթացքում ևս երկու հայկական եկեղեցի է վերականգնվել, այդ աշխատանքների համար ծախսվել է շուրջ 10 մլն լիրա: Նրա խոսքերով, նախորդ տարի ավարտվել է Դիարբեքիրի հայկական բողոքական եկեղեցու վերականգնումը, իսկ հայկական կաթոլիկ եկեղեցու վերակառուցումը շարունակվելու է մինչև տարեվերջ:
Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին` Սուրբ Կիրակոսը, կառուցվել է 1376 թվականին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այն եղել է գերմանական բանակի շտաբը, այնուհետև Սյումեր բանկի կողմից օգտագործվել որպես բամբակի պահեստ: 1960-ից մինչև 1980 թվականը եկեղեցին գործել է, սակայն հետագա տարիների ընթացքում անխնամ մնալու հետևանքով ավերվել է:
2008 թվականին եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի քաղաքապետարանի և մի շարք բարերարների ջանքերով սկսվել էր Սուրբ Կիրակոսը վերանորոգման աշխատանքները և 2011-ի վերջին այն կրկին բացվել էր հավատացյալների համար: