«Կարևոր ուղղություններով չկան հստակ արդյունքներ», - հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Ազատության» ղազախական ծառայության փոխանցմամբ նախագահը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում կոշտ քննադատության է ենթարկել իր իսկ կողմից նշանակած կառավարությունը՝ անարդյունավետ աշխատանքի համար: Ղազախստանի առաջնորդը խոստացել է լուծումներ գտնել երկրի համար առաջնային մի շարք խնդիրների ուղղությամբ, մասնավորապես «մարդկանց կյանքի որակը բարելավելու ուղոությամբ»:
Վերջին շաբաթներին Ղազախստանում բողոքի ցույցեր են անցկացվում, որի մասնակիցները պահանջում են պետությունից բարելավել ժողովրդի սոցիալական պայմանները: Այս ակցիաները մեկնարկել են Աստանայի ժամանակավոր կացարաններում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո, որի հետևանքով մահացել է հինգ մանկահասակ երեխա:
78-ամյա Նազարբաևը, որը երկիրը ղեկավարում է երեք տասնամյակ շարունակ, վերջին անգամ հնգամյա ժամկետով նախագահ է ընտրվել 2015 թվականին՝ ստանալով ձայների 97,7 տոկոսը: Փորձագետները կասկածներ ունեն, որ նա փորձում է վերընտրվել՝ արտահերթ ընտրություններ նշանակելով 2019 թվականին: