Արայիկ Հարությունյանը թողնում է Արցախի նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այսօրվանից, իր դիմումի համաձայն, թողնում է Արցախի նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնն ու սկսում «կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել»:

Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ, Հարությունյանը տեղեկացրել է, որ իր որոշումը պայմանավորված չէ Արցախի նախագահի հետ որևէ տարաձայնությամբ, կամ խնդրով:

«Ավելին, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Սահակյանին, ով 2007-ից հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին», - գրել է Հարությունյանը։

Ղարաբաղի նախկին վարչապետը նաև տեղեկացրել է, որ իր գլխավորած քաղաքական ուժը «մինչև Բակո Սահակյանի կառավարման ժամկետի ավարտը շարունակելու է պաշտպանել նրա վարած քաղաքական կուրսը»։

Հարությունյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի՝ հաշվի առնելով իր ղեկավարած կուսակցության՝ «Ազատ հայրենիքի» որոշումը։