Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ

Ադրբեջանի նախագահն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի օրն ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Ալիևը միջնորդների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները նախօրեին էլ Երևանում էին, որտեղ հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, ապա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Արտգործնախարարության հաղորդմամբ, Մնացականյանը համանախագահների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ինչպես նաև կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի կարևորությունը: