Համանախագահներն Արցախ չեն այցելի, պաշտոնական Ստեփանակերտը դա խնդրահարույց չի համարում

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան, արխիվ

Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ Արցախ չեն այցելի: Պաշտոնական Ստեփանակերտը, սակայն, այս փաստը խնդրահարույց չի համարում:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի փոխանցմամբ, այս անգամ այդօրինակ այցի անհրաժեշտություն չի առաջացել, քանի որ այս փուլում համանախագահները նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

«Ազատություն». - Պարոն Բաբայան, տարածաշրջանային այցով Հայաստան էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Արդյո՞ք նախատեսվում է նաև այց Ստեփանակերտ և հանդիպումներ Արցախի իշխանության հետ։

Բաբայան. - Այս անգամ այց Ստեփանակերտ չի նախատեսվում, և այսպիսի դեպքեր լինում են։ Դուք գիտեք, որ ընդունված պրակտիկա է, երբ որ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահներն այցելում են տարածաշրջան, անպայման նաև այցելում են Արցախի Հանրապետություն, սա ընդունված պրակտիկա է, սա ճիշտ է, քանի որ տրամաբանական է, և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ իրավական առումներով իհարկե արտացոլում է իրավիճակը, բայց լինում են դեպքեր, որ չեն գալիս, եղել են դեպքեր զուտ տեխնիկական՝ եղանակի հետ կապված, և եղել է, երբ որ թեմատիկան տարբեր է, ասենք՝ քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, պատասխանատուների հանդիպումները, ամփոփվում են այդ հանդիպումները։

«Ազատություն». - Այսինքն՝ այս պահին Արցախ այցելության նպատակ չի՞ եղել, անհրաժեշտություն չի՞ եղել։

Բաբայան. - Անհրաժեշտություն չի եղել, քանի որ թեմատիկան առնչվում էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումներին և նոր հանդիպումների կազմակերպմանը, հին հանդիպումների ամփոփմանը։

«Ազատություն». - Դուք խնդրահարույց չե՞ք համարում, որ այս անգամ համանախագահները Արցախ չեն գալու։

Բաբայան. - Ոչ, սա խնդրահարույց չէ, մենք գիտենք, որ դա այդպես եղել է, որովհետև մենք ի սկզբանե տեղեկացված ենք լինում այդ ամենից։

«Ազատություն». - Այսինքն՝ պարզապես այս փուլում այդ հանդիպման անհրաժեշտությունը չի եղել՝ հաշվի առնելով, որ հանդիպումն է նախապատրաստվում երկու երկրների ղեկավարների։

Բաբայան. - Այո։

«Ազատություն». - Իսկ հետագայում, ի՞նչ եք կարծում, Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթացին ինչ-որ առումով կմեծանա՞, ինչի մասին պարբերաբար խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաբայան. - Մենք ի սկզբանե ողջունել ենք այդ մոտեցումը, որ սա կարևոր է, և լավ է, որ Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են նաև, որ համառորեն փորձելու են և անելու են հնարավորը, որպեսզի վերականգնվի լիարժեք ձևաչափը բանակցային գործընթացի, միաժամանակ ընդգծել ենք, որ բարդ խնդիր է, ժամանակատար և աշխատատար՝ հատկապես հաշվի առնելով, որ կա միայն մեկ խոչընդոտ այդ ճանապարհին՝ դա Ադրբեջանի ոչ կառուցողական, կարծր, հայատյաց քաղաքականությունն է։

«Ազատություն». - Հիմա Դուք տեսնո՞ւմ եք ինչ-որ հնարավորություն, որ այդ կարծր քաղաքականությունը կարող է փոխվել։

Բաբայան. - Մենք տեսնում ենք, որ պաշտոնական Երևանը որևէ ձևով իր համառությունը չի թուլացրել, մենք պետք է շարունակենք մեր գործը, միևնույն է այլընտրանք չկա՝ Արցախն ուշ թե շուտ վերականգնելու է իր կարգավիճակը որպես բանակցային լիարժեք կողմ։