«Մարտի 1»-ի գործում առկա տեսագրություններին ծանոթանալու համար մեկ-երկու ամիս է պետք»․ Արմեն Գևորգյանի փաստաբան

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե մամուլից են տեղեկացել, որ Գլխավոր դատախազությունը պատրաստվում է Վճռաբեկ դատարանում բողոքարկել «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Արմեն Գևորգյանին չկալանավորելու՝ վերաքննիչ ատյանի որոշումը:

Ալեքսանյանը տեղեկացրեց, որ իրենք նույնպես պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան։

«Ճիշտն ասած, մամուլից ենք տեղեկացել, որ Դատախազությունը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել։ Ենթադրում եմ, որ Գլխավոր դատախազությունը վիճարկելու է դատարանի կողմից արձանագրված հիմնավոր կասկածի բացակայությունը երկու հոդվածներով, ինչպես նաև հիմքերի բացակայությունը, ինչը ես գտնում եմ անիմաստ է, քանի որ այդ մասով դատարանը կայացրել է արդար դատական ակտ։ Իսկ ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք ներկայացնելուն՝ նաև մենք ենք պատրաստվում այսօր վճռաբեկ բողոք ներկայացնել: Որևէ կանխատեսումներ չունենք, կտեսնենք, թե ինչպես բարձր դատական ատյանը կգնահատի այդ։ Մենք վիճարկելու ենք թե՛ առաջին, թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով հիմնավոր կասկածի առկայությունը, այսինքն՝ առնչությունն Արմեն Գևորգյանի իրեն վերագրվող այդ հոդվածով հանցավոր արարքի», - ասաց փաստաբանը։

Նշենք, որ Արմեն Գևորգյանի, ինչպես նաև «Մարտի 1»-ի գործով անցնող մի շարք այլ նախկին պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Պաշտպանական կողմն արդեն սկսել է ծանոթանալ 76 հատորից բաղկացած քրեական գործի նյութերին:

Գևորգյանի փաստաբանն անընդունելի համարեց, որ վարույթն իրականացնող մարմինը նյութերին ծանոթանալու համար իրենց հատկացրել է ընդամենը 50 օրացուցային օր, ինչն, ըստ Էրիկ Ալեքսանյանի, ողջամիտ ժամկետ չէ՝ հաշվի առնելով, որ գործում կան նաև ծավալուն տեսագրություններ, որոնց ծանոթանալու համար մի քանի ամիս է պահանջվելու:

«Գտնում ենք, որ 50 օր տրամադրելը նպատակ է հետապնդում պաշտպանական կողմին չտրամադրել լիարժեք հնարավորություն, ժամանակ՝ նյութերին ծանոթանալու և լիարժեք պաշտպանության իրավունքն իրացնելու համար», - ասաց Ալեքսանյանը։

Հարցին, թե սովորաբար նման գործերով որքա՞ն ժամանակ է հատկացվում, ողջամիտ ժամկետը ո՞րն է, փաստաբանը պատասխանեց. - «Հայաստանի Հանրապետությունում ոնց որ պրակտիկա է ձևավորվել, ավանդույթ է ձևավորվել, որ յուրաքանչյուր հատորի համար տրամադրվում է մեկից երկու օր։ Այսինքն՝ ողջամտությունը տվյալ քրեական գործով կլիներ այն, եթե տրամադրեին ամեն հատորի համար մեկից երկու օր, որը որ կստացվեր մոտավորապես 76-90 օր աշխատանքային, որովհետև, ճիշտն ասած, բացի այդ 76 հատորից քրեական գործում առկա են նաև տեսագրություններ, որոնց ծավալը բավականին մեծ է, և միայն այդ տեսագրություններին ծանոթանալու համար մոտավորապես մեկից երկու ամիս ժամանակ է պահանջվում»։

Փաստաբանը նշեց, որ խոսքն անմիջապես մարտի 1-ին առնչվող տեսագրությունների մասին է։

Հարցին, թե մոտավորապես քանի՞ ժամանոց տեսագրություններ են դրանք, Ալեքսանյանը պատասխանեց. - «Դեռ այդ տեսագրությունների ուսումնասիրությանը չենք անցել, ուստի չեմ կարող միանշանակ ասել դրանց տևողությունը, դեռ ուսումնասիրում ենք քրեական գործի նյութերը՝ հատորները»։

Փաստաբանի կարծիքով՝ իրենց առնվազն երեք ամիս ժամանակ է պետք նյութերին ծանոթանալու համար։

2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Հունվարի 29-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը, որով Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը ազատ էր արձակվել ստորագրության դիմաց: