«Պետք չէ ժողովրդի հետ շատ բարձրից խոսել». Հասմիկ Պապյան

Հայ ժողովուրդը շատ աշխատասեր է, եթե նրանց տրվի հնարավորություն, նրանք սարեր կշրջեն, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը։

Հայ ժողովուրդն ունի ծով համբերություն, նշեց երգչուհին՝ շարունակելով՝ չի կարելի այդ համբերությունը չարաշահել և պետք չէ ժողովրդի հետ շատ բարձրից խոսել։

«Ազատություն». - Տնտեսական հեղափոխության բանաձևը Ձեզ համար ընդունելի՞ է, որ նախ մարդիկ պետք է սովորեն մուծել հարկերը, կտրոն պահանջեն, ինչպես վարչապետն էր ասում, սովորեն գլխում աղքատությունը հաղթահարել, հակառակ դեպքում պետությունն ինչ էլ անի, չի աշխատելու։

Հասմիկ Պապյան. - Հարկեր վճարելը դա միանշանակ ամենամեծ, ամենաառաջնահերթ խնդիրն է, որովհետև ամբողջ աշխարհում դա ընդունված է, և եթե բոլորն են վճարում, քաղաքացին ինքն իրեն արժանապատիվ է զգում, որովհետև դու իսկապես գիտակցում ես, որ դու ստանում ես և վճարում ես, այլ բան է, որ չես ստանում և քո ունեցած նվազագույն գումարից վճարում ես՝ տեսնելով, որ շատերը խուսափում են դրանից։ Այս անարդարությունը եթե հաղթահարվի, իհարկե շատ կարևոր է սա։ Կառավարության ծրագրին ես մասնավոր չեմ հետևել, որովհետև այնքան էլ չեմ հասկանում, իմ ոլորտը չի, բայց ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ բոլորն ունեն դրական միտումներ, բոլորը փորձում են այս ճահճից դուրս գալ, և վստահ եմ, որ շատ լավ կլինի, եթե յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունենա։ Ինչ վերաբերում է աղքատությունը գլխի մեջ փոխելուն, սա ուղղակի այսպես գեղեցիկ արտահայտություն է, ինչպես կարելի է ասել, որ «գեղեցկությունը կփրկի աշխարհը»։ Մարդն ինչպե՞ս պիտի աղքատությունն իր գլխից հանի, դրա համար հարկավոր է նրան ձեռք մեկնել, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն իսկապես շատ աշխատասեր է, իհարկե, բացառություններ ամեն տեղ կան, բայց տվեք մարդկանց հնարավորություն և նրանք սարեր կշրջեն, որովհետև այն ազնվությունը, որ ունի մեր ժողովուրդը, իսկապես դա փնտրվելիք է, մեր ժողովուրդն ունի ծով համբերություն, և չի կարելի այդ համբերությունը չարաշահել, և պետք չէ, իմ կարծիքով, շատ բարձրից խոսել իր հետ։ Անձամբ ես վիրավորվում եմ շատ։

«Ազատություն». - Ձեզ դուր չի՞ եկել այդ արտահայտությունը։

Պապյան. - Ես հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը, բայց թերևս ուրիշ կողմից պետք է սկսել, պետք է ձեռք մեկնել մարդկանց, պետք է տալ այդ հնարավորությունները, հետո պահանջել։ Մեր ժողովուրդն ընդհանրապես շատ փոքր բաներով գոհացող ժողովուրդ է հիմնականում, նրան տարիներ շարունակ կեղեքել են բառի ամենալայն իմաստով, վիրավորել են, հիմա ժողովուրդն, ինձ թվում է, որ սպասում է ավելի հոգատար վերաբերմունքի, և մենք դա պարտավոր ենք իրենց տալ, հետո պահանջել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.