Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված, «Ազատության»-ը փոխանցեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։
Ըստ պաշտպանի, Սարգսյանը դեռևս անցած ամռանից մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Պողոսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է Մարտիրոս Սարյանի գծանկարներին։
Ալեքսանդր Սարգսյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Փաստաբանն առաջադրված մեղադրանքն անհիմն որակեց։
2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո՝ ուշ երեկոյան, Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ: Ավելի ուշ ԱԱԾ-ը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա հոր բնակարանում խուզարկությամբ հայտնաբերել էր գումար, թմրանյութ և Մարտիրոս Սարյանի նկարներ, որոնք, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Նարեկ Սարգսյանը ստացել է Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով:
Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003-2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ:
Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանն ասաց, որ չի մեկնաբանում այսօր մամուլում տարածված տեղեկությունը, թե Ալեքսանդր Սարգսյանը 18.5 միլիոն դոլար է փոխանցել պետբյուջե՝ տեղեկատվությունը համարելով նախաքննական գաղտնիք։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Դավիթաշեն» թաղամասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կարողությանը, հայտարարել էր, որ «Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար»։