Մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։

Գործը, ըստ փաստաբան Արամ Օրբեյլանի, գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում․ - «Իրեն առնվազն առաջադրվել է: Չգիտեմ, ուրիշ մարդիկ կան, չկան, բայց իրեն առաջադրվել է

Ինքը Սեդրակ Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքին՝ 2rd.am-ին, և նշել է. - «ԱԱԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում»։ Այլ մանրամասները Սեդրակ Քոչարյանը չի հաղորդել։

Փաստաբան Արամ Օրբելյանն «Ազատությանը» հայտնեց, որ այս գործով Սեդրակ Քոչարյանին իրավախորհդատվություն տրամադրել է հոր՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների նույն խումբը, սակայն, քրեական գործի վերաբերյալ իրենց ևս շատ մանրամասներ դեռ հայտնի չեն․ - «Առաջադրվել են մեղադրանքներ՝ հարկերից խուսափում, փողերի լվացում: Հավելյալ դետալներ այս պահին չեմ կարող ձեզ ներկայացնել: Երբ որ ավելի մանրամասն տիրապետենք՝ եթե մենք զբաղվենք, եթե նոր փաստաբան կներգրավվի էս գործի համար առանձին, համապատասխանաբար արդեն ավելի դետալացված տեղեկատվություն կտրամադրենք»:

Ազգային անվտանգության ծառայությունից, որի վարույթում գտնվում է այս քրեական գործը, «Ազատությանը» փոխանցեցին, որ «նպատակահարմար գտնելու պարագայում հանդես կգան հայտարարությամբ»։

Այժմ հայտնի է, որ Սեդրակ Քոչարյանը ազատազրկված չէ, նրա նկատմամբ կիառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։

Սեդրակ Քոչարյանը իր դեմ քրեական գործի հարուցումը համարում է իր ընտանիքի հանդեպ իշխանական հարձակում: Հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է․ - «Մեր ընտանիքի դեմ արդեն 10 ամիս ընթացող վայրագ ու բարոյականությունից բացարձակապես զուրկ իշխանական հարձակման պայմաններում հրապարակայնության միջոցին դիմելն անխուսափելի է, հատկապես մեր դեմ ստի ու կեղծիքի գերբարձր դոզայի պայմաններում»։

Ըստ Սեդրակ Քոչարյանի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված Քոչարյանների ընտանիքի վրա՝ դեռևս լրագրողական գործունեության տարիներից։

«Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին», - հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի որդին։