Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր տեղեկացրեց, որ գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցրած ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի քրեական գործը մոտ 20 օրից կուղարկվի դատարան:
«Քրեական գործով կատարվել, կատարվում են բազմածավալ աշխատանքներ: Ամենայն հավանականությամբ մոտ մի 20 օրից ստանանք փորձաքննական եզրակացությունները, և այդ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ կուղարվի դատարան: Արդեն իսկ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցները լիարժեք են անձին դատի տալու համար», - հայտարարեց դատախազը:
Քանի որ կա նախադեպ, երբ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը ռազմաբազայի տարածքում անցկացվեց, հավանակա՞ն է, որ նույնը կրկնվի նաև այս դեպքում:
Դատախազի արձագանքը․ - «Երբ որ ուղարկեցինք դատարան, դա դատարանների կողմից լուծվող հարց է, նրանց իրավասությանը ենթակա հարց է: Բայց ես կարծում եմ, որ գործը քննվի հաստատ մեր դատարաններում, նաև մեր տարածքում»:
Առաջիկայում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է նաև տուժողի իրավահաջորդների բողոքը, որով նրանք պահանջում են ռուս զինծառայողնին տեղափոխել հայաստանյան քրեակատարողական հիմնարկ:
Կարեն Գաբրիելյան խոսքով, իրենք մերժել են այդ միջնորդությունը՝ հիմք ընդունելով հայ-ռուսական միջպետական պայմանագիրը․ - «Գործ ունենք կնքված միջազգային համաձայնագրի հետ, և Հայաստանի Հանրապետության օրենքները պետք է չհակասեն նշված համաձայնագրին: Եվ հակասելու դեպքում ավելի բարձր իրավական ուժ ունի նշված համաձայնագիրը: Էլի եմ ձեզ վստահեցնում․ նշված համաձայնագրի ուժով մեր օրենսդրության որևէ դրույթ չի խախտվում»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանները պնդում են, որ ռուսական ռազմաբազայում պահվելով՝ մեղադրյալ զինծառայողը կարող է կաշկանդված լինել, նրա նկատմամբ հնարավոր է ճնշումներ լինեն:
Հարցին, թե մեղադրյալին բազայում պահելով արդյոք չի խոչընդոտվում նախաքննությունը, դատախազը պատասխանեց․ - «Թեկուզ նշված անձը գտնվում է նրանց կարգապահական մեկուսարանում, որևիցե արգելք չի հանդիսանում գործի բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու համար․․․ Մինչ այսօր որևիցե արգելք չի եղել․ մեր քննիչը մտել է անարգել և կատարել է բոլոր այն քննչական և դատավարական գործողությունները, որոնք անհրաժեշտ են եղել»:
Պատասխանելով հարցին, թե, ըստ իրենց նախնական վարկածի, ինչու է ռուս զինծառայողը հարձակվել ու դաժան ծեծի ենթարկել 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին, դատախազն ասաց․ - «Մեղադրվող անձը հրաժարվում է ցուցմունք տալուց այդ հանցավոր գործողությունները կատարելու վերաբերյալ»:
Ռուս զինծառայողը նույն օրը՝ դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան ևս մեկ քաղաքացու վրա է հարձակվել, այդ մարդը ցուցմունք է տվել․ - «Մենք ունենք մեկ անձ, որին նույնպես մի քանի հարվածներ է հասցրել մեղադրվող անձը, սակայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, որևիցե լուրջ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Էդ ընթացքում կատարված այլ ենթադրյալ հանցանք է, մեր մյուս քաղաքացու հետ կապված միջադեպ է եղել, բայց մեր քաղաքացին չունի որևէ մարմնական վնասվածք»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դիմել էին, որ ռուս զինծառայողից թմրանյութի օգտագործման հետ կապված փորձնամուշ վերցվի: Վերջինս հրաժարվել նմուշ հանձնել: Կան նաև վկայություններ, որ ռուս զինծառայողը հարբած է եղել:
Դատախազն այս առնչությամբ ասաց․ - «Նշված անձը հայտնաբերվել է, նրա վերաբերյալ տվյալները ձեռք են բերվել դեպքից մի քանի օր հետո, և մենք կոնկրետ փորձաքննությամբ խմածության փաստը հաստատելու հետ կապված փորձաքննություն չունենք: Բայց ունենք անձանց ցուցմունքներ, ովքեր փաստում են, որ այդ անձը եղել է խմած: Այսինքն՝ մենք հիմնավորում ենք, որ այդ անձը եղել է խմած»: