24 համայնքներում երեկ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցնկացվեցին հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթականը եղան, իսկ 10-ում՝ արտահերթ։

Համայնքներից 20-ում կայացել է համայնքի ղեկավարի, իսկ չորսում՝ ավագանու անդամի ընտրություններ։ Օրինակ, Արմավիրի մարզում համայնքապետ էին ընտրում հինգ գյուղում։ Նախնական հաշվարկներով, բոլոր համայնքապետերը վերընտրվել են, այդ թվում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացրած Վարդանաշեն համայնքի ղեկավարը։

Սա շատ խնդրահարույց համայնք էր․ այստեղի քաղաքապետ Արթուր Մանուկյանը 2018 թվականի նոյեմբերի 19-ին լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում էր ներկայացրել ավագանուն, նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար, սակայն արտահերթ ընտրությունների ժամանակ նախկին համայնքապետ Մանուկյանը ևս ինքնառաջադրվել էր։

Ստացած քվեներով Արթուր Մանուկյանը դարձյալ ընտրվել է համայնքապետ, նրա օգտին քվեարկել է 283 մարդ, իսկ միակ մրցակից Ալեքսան Սարիբեկյանը ստացել էր 233 քվե։ Վարդանաշենում ընտրելու իրավունք ուներ 822 մարդ, որոնցից քվեարկությանը մասնակցել է 528-ը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Վարդանաշենում բողոքի ակցի էր՝ ընդդեմ հանրապետական վերընտրված համայնքապետ Արթուր Մանուկյանի։ Քաղաքացիները պահանջում էին, որպեսզի Մանուկյանը չշարունակի կառավարել համայնքը։

Արարատի մարզի Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը նույնպես վերընտրվել է։ Անդրեասյանը 1990 թվականից ղեկավարում էր համայնքը, սակայն 2018 թվականի հոկտեմբերին գյուղացիների պահանջով հրաժարական էր տվել: Ի դեպ հրաժարականի օրը նա ուրցաձորցիներին խոստացել էր կրկին առաջադրվել։ Այստեղ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել էր հինգ թեկնածու, հրաժարական տված համայնքապետի օգտին քվեարկել է Ուրցաձորի 2 հազար 220 բնակչից 911-ը։ Ձայների հաշվարկով երկրորդ տեղն է զբաղեցրել Գևորգ Ավետիսյանը, համայնքում ընտրելու իրավունք ուներ 3 հազար 81 քաղաքացի։

Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրեց, որ փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտումներ պարունակող նյութեր չեն ստացվել։