«Կիսանախագահական համակարգին հետ գնալը հետընթաց եմ համարում». Մարուքյան

Կիսանախագահական համակարգին հետ գնալը, Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետընթաց է համարում։

«Նորից հետ գնանք կիսանախագահական, ես կարծում եմ, որ դա հետընթաց է։ Ես գտնում եմ, որ մենք պետք է առաջ գնանք, այսինքն՝ այն խեղաթյուրված համակարգը, որ հիմա դրել են սուպերվարչապետական սարքել, հիմա պետք է դրանից էլ առաջ շարժվենք և գնանք ամբողջական խորհրդարանական կառավարման։ Ես դա գնահատում եմ հետընթաց։ Մենք եվրոպական մոդելի կառավարման կողմնակից ենք։ Ես կարծում եմ, որ դա ետընթաց կլինի Հայաստանի համար», - Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Մարուքյանը։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունն առաջարկում է մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին, նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ, արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի, արմատախիլ անել կոռուպցիան, վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար, ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, էապես կրճատել ստվերային տնտեսությունը, դատական համակարգը մաքրել, ազատել դատավորի բարձր կոչումը վարկաբեկած, կոռումպացված ու կամակատար դատական կադրերից, կիրառել անցումային արդարադատություն:

«ԲՀԿ-ն կիսանախագահական համակարգին անցնելու հարց չի քննարկել»

Ազգային ժողովի ​«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կիսանախագահական համակարգին անցնելու հարց չի քննարկել, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ն այս փուլում այդ խնդիրը չի քննարկել։ Անձնական տեսակետ հնչեցնելով ես կարող եմ ասել՝ քանի որ արդեն իսկ մենք վարչապետական, կամ խորհրդարանական երկիր ենք, պետք է քաղաքական և այլ տիպի նպատակահարմարությունները քննարկել, թե որ փուլում, ինչ անել, որովհետև, եթե նորից մենք հետ գանք, նորից փոփոխվի էդ ամն ինչը, պետք է բոլոր ռիսկերը, բոլոր դրական և բացասական խնդիրները քննարկենք։ Մենք չենք քննարկել ուղղակի պետք է դրա նպատակահարմարությունը լրջագույն, համակողմանի քննարկվի», - ասաց Մելքումյանը։

«Պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել»։

​Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանն էլ նշեց՝ թեև Սահմանադրական բարեփոխումներն իրենց օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ դեռ չեն ունեցել։

«Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված մենք քննարկումներ դեռ չենք ունեցել և պատեհ պահի կքննարկենք նաև այդ առաջարկն։ Այս պահին մենք չենք քննարկել այդ հարցը», - ասաց Նազարյանը։

«Ազատության» հարցին, թե իր դիրքորոշումն ինչպիսի՞նն է, Նազարյանը պատասխանեց. - «Քանի որ իսկապես շատ քաղաքական կարևոր որոշման մասին է խոսքը, մենք անպայման պետք է թիմային քննարկում ունենանք, ես այստեղ անձնական մեկնաբանություններ չէի ուզի տալ»։