Անցած գիշեր, ժամը 3-ին մոտ միայն Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բացեցին երկաթուղին՝ 17 ժամ փակ պահելուց հետո։
Երեկ Լոռու մարզպետի հետ Ալավերդիում հանդիպելուց հետո, երեկոյան նրանց մի փոքր խումբ մեկնեց Երևան՝ հանդիպելու նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Խմբի Ալավերդի վերադառնալուց հետո միայն ցուցարարները հեռացան երկաթգծից։
Ակտիվիստ Արմեն Կիրակոսյանը «Ազատությանն» ասաց․ - «Կար արդեն առաջարկությունը ռեալ, որը էս պահին գտնվում է բանկում, կառավարությունում, քննարկվում է, թե ինչ ձևով են թույլ տալիս հետագա գործունեությունը»:
Ուրբաթ առավոտյան մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բողոքի ակցիայի մասնակիցներին փոխանցեց կառավարության անդամների և գործարանը գրավի տակ առած ՎՏԲ բանկի ներկայացուցիչների ասելիքը, ըստ որի՝ ՎՏԲ-ն Ալավերդու գործարանն ու արդեն բանկին անցած Թեղուտի հանքավայրը միաժամանակ շահագործելու պատրաստ ընկերություն է փնտրում։ Հայտարարությունից պարզ էր, որ դա չի կարող լինել «Վալլեքս» ընկերությունը, որը խոշոր պարտքի պատճառով զրկվել է Թեղուտի հանքավայրից, և ցանկացած պահի ՎՏԲ բանկը կարող է վերցնել նաև Ալավերդու գրավադրված պղնձաձուլարանը։
ՎՏԲ-ում քննարկվող այս առաջարկից դժգոհ մնացին ալավերդցիները և հայտարարեցին, որ գիշերելու են երկաթգծի վրա։ Ուշ երեկոյան արդեն փոխվարչապետն ալավերդցիներին փոխանցել է, որ ՎՏԲ-ն քննարկում է չորս ամիս գործունեությունը դադարեցրած գործարանը վերագործարկելու իրավունքը «Վալլեքս» ընկերությանը փոխանցելու՝ վերջինի առաջարկը։
«Առաջարկություն ՎՏԲ-ին, որ էս պահին կառավարությունն էլ է դիտարկում որպես էս պահին միակ գործարկողը ռեալ, որ կարա լինի, դա «Վալլեքս»-ն է, որ կարա էս պահին գործարկի մեր պղնձաձուլարանը: Առաջարկություններով դիմել է բանկին: Բանկը հիմա քննարկում է էդ առաջարկությունը՝ թույլ տա՞ «Վալլեքս»-ին հետագա գործունեությունը, թե՞՝ չէ: Ու մեզ կառավարությունից վստահեցնում են, որ դա օրերի խնդիր է, մենք էլ էստեղից ենք բանկի հետ անընդհատ, ամենօրյա կապի մեջ, որ շուտ էդ պատասխանը ստանանք: Ու շատ մեծ հույսերով եմ, որ պատասխանը կլինի դրական՝ հետագա ներդրումային մեծ ծրագիր է «Վալլեքս»-ի կողմից ներկայացվել», - նշեց Կիրակոսյանը:
«Աշխատողները, ընդհանուր հաշվով, ուզում են աշխատեն: Աշխատողների համար այլընտրանք չկա էսօր քաղաքում», - այսպես արձագանքեց ակտիվիստը «Ազատության» հարցին՝ աշխատողների համար տարբերություն կա՞, թե հատկապես որ օպերատորը կվերագործարկի գործարանը:
Կառավարությունից հավաստիացրել են, որ առաջիկա օրերին բանկից վերջնական որոշում կստանան։ Միայն այս դեպքում գործարանի կանգնելուց դժգոհ աշխատակիցները, որոնք արդեն չորս ամիս վճարվում են աշխատավարձի երկու երրորդի չափով և մարտի 1-ից կարող են վերջնականապես ազատվել աշխատանքից, բացեցին ճանապարհն ու համաձայնեցին սպասել ևս մի քանի օր։
Երեկ ողջ օրվա ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցների հետ էր նաև գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանը։ Ասում էր՝ անորոշության մեջ են․ - «Խնդիրը երկու հատ է, ասել ենք մի քանի անգամ: Առաջինը կապված է ՎՏԲ բանկի հետ, որ մեզ ոչ մի ձև հստակ պատասխան չի տալիս, թե ինքը գործարանը գրավի դիմաց վերցնելո՞ւ է, թե՞՝ չէ, որ մենք էլ հասկանանք՝ եթե վերցնում է՝ շահագործում է, չի շահագործում, ավելի ճիշտ՝ վերցնելուց հետո արդեն մեր լիազորությունները էդտեղ դադարում են: Եվ երկրորդ հարցը՝ բնապահպանական, որ մեզ մինչ օրս հասկանալի չէ, թե մեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչպիսի թույլտվություն է տալու արտանետումների համար», - նշեց Մեջլումյանը: