Ֆրանսիայի իշխող՝ նախագահ Էմանյուել Մակրոնի գլխավորած «Առա՛ջ, Հանրապետությո՛ւն» կուսակցությունը ռուսաստանյան պետական Russia Today (RT) և Sputnik լրատվամիջոցներին հավատարմագրեր չի տրամադրի Եվրախորհրդարանի ընտրությունները լուսաբանելու համար: Այս մասին հայտարարել է կուսակցության նախընտրական արշավի ղեկավար Ստեֆան Սեժուրեն:
«Նրանք ոչ թե մամուլի ներկայացուցիչներ են, այլ՝ Կրեմլին ծառայող քարոզիչներ: Նրանք չպետք է հավասարեցվեն մեդիային, որը ստուգում և համեմատում է տեղեկատվությունը», - հայտարարել է Ֆրանսիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Ֆրանսիայում ամիսներ շարունակ մերժում են Sputnik-ի և RT-ի լրագրողների հավատարմագրումը Ելիսեյան պալատի կամ կառավարության աշխատանքները լուսաբանելու համար: 2017 թվականի մայիսին նախագահ Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման ժամանակ RT-ին և Sputnik-ին հրապարակավ անվանել է «ստախոս քարոզչական մարմիններ»: