Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել․ սա նոր իրավիճակ է, Եվրամիությունը պետք է դա հասկանա: Հայաստանը պետք է ինքն առաջարկներ ներկայացնի, և վիզայի ազատականացումը կարող է լինի դրանցից մեկը: Այս մասին ասաց Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկը Երևանում «Ազատությանը» տված հարցազրույցում:
Ստորև ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․
«Ազատություն»․ - Մինչև հիմնական հարցերիս անցնելը, կասե՞ք խնդրում եմ՝ ինչն է Ձեզ բերել Հայաստան:
Դանիլո Տյուրկ․ - Եկել եմ մի քանի նպատակներով։ Ցանկանում էի շփվել ու աշխատել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ տեսնելու, թե ինչպես են տեղի ունենում ժողովրդավարական այս փոփոխությունները։ Եվրոպայում հայկական հեղափոխության մասին լուրերը մեծ ուշադրության կենտրոնում էին, բոլորը հեռուստացույց էին նայում, հետևում, թե ինչպես էին ընթանում բողոքի ցույցերը, հետո հետևեցինք ընտրությունների ընթացքին, երբ քաղաքական նոր առաջնորդները ստացան ձայների 70 տոկոսը։ Բացի այդ, նկատեցինք, որ շատ կանայք էին ներգրավված այդ գործընթացում՝ հեռուստացույցով դա պարզ երևում էր։ Իսկ հիմա գլխավոր հարցն այն է, թե տեղի ունեցած հեղափոխությունը ինչպես է շարունակվելու, ինչը շատ հետաքրքիր է և ներառում է նաև այն հարցերը, թե ինչպես պետք է արտաքին աշխարհն աշխատի քաղաքացիական հասարակության և կառավարության հետ։ Հայաստանը դարձել է առանձնահատուկ հետաքրքիր վայր, և շատ այցելուներ գալիս են այստեղ տեսնելու, թե համագործակցության ինչ նոր հնարավորություններ են բացվել։
«Ազատություն»․ - Ինչպես գիտեք, Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, շատ մարդիկ Հայաստանում հույս ունեն, որ այդ համաձայնագիրը կօգնի Հայաստանին ավելի խորը հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ակնկալիքներ պիտի Հայաստանն ունենա այս համաձայնագրից, այն կնպաստի՞ երկու կողմերի հարաբերությունների զարգացմանը։
Տյուրկ․ - Պետք է ընդգծեմ, որ շա՛տ կարևոր է, որ Հայաստանը պետք է նախաձեռնող լինի, Հայաստանը պետք է հասկանա, որ Եվրամիությունը ևս փոփոխությունների շեմին է, Եվրոպայում սպասվում են շատ կարևոր խորհրդարանական ընտրություններ, որից հետո կկազմվի Եվրոպական նոր հանձնաժողով, և շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի կառավարությունը կարողանա իր հայտերը, իր ակնկալիքներն ու առաջնահերթությունները ներկայացնել բավականին վաղ փուլում՝ բացատրելու Եվրամիությանը, որ ունենալով հարաբերությունների որոշակի փորձ՝ ահա սա է, ինչ ուզում ենք, այսպիսի համագործակցություն ենք ցանկանում ունենալ։ Եվ այդ ամենը, կարծում եմ, պետք է կապված լինի տնտեսական փոփոխությունների, ժողովրդավարության ուժեղացման այս ալիքի հետ՝ որպես ներդրում, որ Հայաստանն արդարացիորեն ակնկալում է Եվրամիությունից։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մի սպասեք, որ Եվրամիությունն առաջարկի ձեզ, գնացեք այնտեղ և պահանջեք։
«Ազատություն»․ - Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանը հավանաբար կարող է սկսել վիզայի ազատականացման շուրջ բանակցություններ Եվրամիության հետ այնտեղ սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո։ Կարծում եք՝ արժե՞, որ Հայաստանի կառավարությունը մեծ ջանքեր գործադրի այս հարցում, Հայաստանը շանսեր ունի՞, ինչպես Վրաստանը, որն ստորագրել է Ասոցացման համաձայնագիր, իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, չի ստորագրել։
Տյուրկ․ - Այո, Հայաստանը ունի հնարավորություն։ Հիմա Եվրոպայում հասկանում են, որ ազատականացումը որոշակի խնդիրներ է իր հետ բերում, բայց այդ խնդիրները կարելի է լուծել։ Հաշվի առնելով Վրաստանի փորձը՝ հիմա Եվրամիությունը գիտի՝ ինչպես լուծել այդ խնդիրները, ինչից կարող է շահել Հայաստանը։ Հիմա Եվրամիությունը չի վախենում անկանխատեսելի իրավիճակից և գիտի, թե ինչպես կառավարել, կազմակերպել մարդկանց անցուդարձը ամենալավ եղանակով։ Իսկ սկզբունքը, որը պետք է անպայման պաշտպանվի, մեկն է՝ եթե ցանկանում ես պատկանել եվրոպական ընտանիքին, պետք է կարողանաս ազատ շարժվել։
Ինչ վերաբերում է Ասոցացման պայմանագիրը չստորագրելուն, տեսեք՝ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել․ սա նոր իրավիճակ է, Եվրամիությունը պետք է դա հասկանա, գործ չունենք հին իրավիճակի հետ, և անհրաժեշտ է հարցին նայել նոր մոտեցմամբ: Վերադառնում ենք նախկին ասածիս՝ Հայաստանը պետք է ինքն առաջարկներ ներկայացնի, և իմ կարծիքով՝ վիզայի ազատականացումը պետք է լինի դրանցից մեկը, չնայած ձեր կառավարությո՛ւնը պետք է որոշի, թե որն է իր առաջնահերթությունը:
«Ազատություն»․ - Երեկ Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց կառավարության հնգամյա ծրագրին, որով Հայաստանի վարչապետը խոստանում է կատարել տնտեսական հեղափոխություն, սակայն նշում է, որ այդ փոփոխությունները նախ մարդկանց գլխում պետք է տեղի ունենա, մարդիկ պետք է սկսեն ավելի շատ աշխատել և չհրաժարվեն աշխատանքի առաջարկից, անգամ երբ աշխատաժամերը հարմար չեն կամ վարձատրությունն է ցածր։ Կարծում եք՝ ճի՞շտ է, որ վարչապետը խրախուսում է կատարել աշխատանքը, անգամ երբ պայմանները բոլորովին հարմար չեն։
Տյուրկ․ - Կարծում եմ՝ վարչապետը ճիշտ է, երբ խրախուսում է մարդկանց առերեսվել իրականությանը, ակտիվ լինել ու աշխատել: Մեզ մոտ էլ նման իրավիճակ է, գուցե եկամուտների առումով տարբերություն կա, բայց նույն խնդիրները կան՝ այն առումով, որ աշխատանքի դիմաց լավ չեն վարձատրում, մյուս կողմից էլ գործազրկության նպաստներ կան։
Հայաստանի վարչապետի մոտեցմանը միայն մեկ կետ կավելացնեի՝ պետք է կենտրոնանալ կանանց և երիտասարդների վրա։ Բոլոր երկրներում նրանք մեծ պոտենցիալ ունեն, սա տեղի է ունեցել նաև Սլովենիայում։ Երիտասարդները սովորաբար ավելի ճկուն են, բայց, ինչ խոսք, նրանց պետք է խոստանալ, որ տնտեսական վիճակն աստիճանաբար լավանալու է։ Նույնը կանանց հարցում է, կանայք պետք է ավելի մեծ ներգրավում ունենան աշխատաշուկայում, նաև ավելի մեծ մասնակցություն ունենան որոշումների կայացմանը բիզնեսում։
Սա մի առաջնահերթություն է, որ չպետք է անտեսվի։ Գուցե խոսքերս շատ ընդհանրական հնչեն, բայց մեր փորձը Սլովենիայում ցույց է տվել, որ հնարավոր է աստիճանաբար բարելավել սոցիալական վիճակը՝ հենվելով կանանց և երիտասարդների ռեսուրսի վրա, այլ կերպ ասած՝ կանանց ներգրավումը, խտրականության բացառումը, աշխատանքի միջազգային ստանդարտների կիրառումը՝ այս ամենը պետք է քաղաքականության մասը կազմի։ Մի գիշերում բարեփոխումներ տեղի չեն ունենա, բայց երբ այս ամենը առաջնահերթություն է, տնտեսական փոփոխությունները ավելի արագ են իրականանում։
Անհնար է վերակառուցել երկրի ողջ արդյունաբերությունը, հին թեթև արդյունաբերությունը։ 20-ամյա փորձ ունենալով՝ Սլովենիայում ի վերջո հասկացանք, որ պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, դառնալ մաս մատակարարման միջազգային ցանցերում, օրինակ՝ մեքենաշինության ոլորտում, մեքենայի բոլոր մասերը երբեք մեկ երկրում չեն արտադրվում։ Եվ այս ամենը պետք է համադրել զբոսաշրջության հետ, որը Սլովենիայում մեծ, արագ աճող տնտեսության ճյուղ է, որտեղ ինտերնետը և թվային տեխնոլոգիաները նոր ու մեծ հնարավորություններ են բացել։ Հիմա մարդիկ իրենց անհրաժեշտ տեղեկությունն արագ ստանում են ինտերնետից։
«Ազատություն»․ - Ի՞նչ տպավորություններով եք գնում Հայաստանից։
Տյուրկ․ - Այս քաղաքում էներգիա կա, իհարկե՝ միայն Երևանում եմ եղել, մյուս քաղաքներ չեմ այցելել։ Կարծում եմ՝ այս էներգիան, որ նկատում ես քաղաքում, այստեղ քայլելով, մարդկանց հետ զրուցելով, այս էներգիան պետք է օգտագործվի, այն չպետք է կորչի։
Սլովենիայի նախկին նախագահի հետ անգլերեն հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․