Դոնալդ Թրամփ. Ես պատրաստվում եմ ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու փաստաթուղթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Վարդերի այգում փետրվարի 15-ին կայացած ճեպազրույցում ասաց, որ պատրաստվում է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու փաստաթութղը, որպեսզի շրջանցելով Կոնգրեսը՝ ապահովի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը:

«Մենք ենթարկվում ենք թմրանյութերի, հանցախմբերի ու մարդկանց ներխուժումների: Դա անընդունելի է»,- ասաց նա՝ նշելով, որ արտակարգ դրություն հայտարարելու փաստաթուղթը կստորագրի նույն օրը ավելի ուշ ՝ Սպիտակ տան Օվալաձև սրահում:

Ակնկալվում է, որ Թրամփը կստորագրի նաև Կոնգրեսում հինգշաբթի ընդունված ֆինանսական օրինագծերը՝ ապահովելու համար կառավարության ֆինանսավորումը:

Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին և Սենատում փոքրամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը իսկայուն արձագանքել են Թրամփի հայտարարությանը:

«Կոնգրեսը կպաշտպանի մեր սահմանադրական լիազորությունները Կոնգրեսում, դատարաններում և հասարակությունում՝ օգտագործելով բոլոր հնարավոր օրինական միջոցները»,- նշված է նրանց համատեղ հայտարարությունում:

Թրամփը կանխատեսում էր, որ իր որոշումը կարող է վիճարկվել դատական երկարատև գործընթացում: «Մենք կհաղթենք Գերագույն դատարանում»,- ասել է նա: