Նախարարի որակմամբ «հակագիտական» հոդվածի հեղինակն առաջադրվել է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

«Երևան» գիտական հոդվածների ժողովածուում, Երևանի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի մշակութային գործունեության մասին հոդված գրած Աննա Ասատրյանը հավակնում է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ղեկավարի պաշտոնին:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անընդունելի է համարում Ասատրյանի թեկնածության առաջադրումը: Իսկ Տարոն Մարգարյանի մասին գրած հոդվածը նախարարը հակագիտական որակեց:

Նախարարն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է հոդվածի վերնագիրը՝ «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը՝ Երևանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա» և հարցրել՝ արդյո՞ք նորմալ է այս հոդվածի հեղինակին առաջադրել որպես տնօրենի թեկնածու։

«Ազատության» հետ զրույցում ԿԳ նախարարն ասաց, որ իր ահազանգը կոնկրետ հասցեատեր ունի․ - «Այս նշանակումով Ակադեմիան հստակ դիրքորոշում կհայտնի, թե արդյո՞ք ստեղ ժամանակին համահունչ և տենդենցներին համահունչ փոփոխություններ տեղի են ունենում, թե՞ հին տենդենցներն են, երբ որ գավառականությունը տեղ ունի գիտության մեջ, և իրական գիտությունը դուրս է մղվում»:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ քանի դեռ ԿԳ նախարարությունից պաշտոնական գրություն չի ստացել, չի մեկնաբանելու Արայիկ հարոթւյունայի ֆեյսբուքյան գրառումը:

«Աննա Ասատրյանը Գիտության վաստակավոր գործիչ է, գիտությունների դոկտոր է․․․ Հետո ես չեմ կարող ամեն մի հրապարակության վերաբերյալ կարծիք հայտնել․․․ Կրթության և գիտության նախարարը կարող ա և հանդես գալ որպես մասնավոր մարդ: Մենք նախարարության կողմից պաշտոնական բան չենք ստացել: Երևի նա շատ բաներում շատ արտահայտություններ ա անում, մենք հո բոլորը չպիտի՞ քննարկենք: Իսկ թե ինչպիսին է գիտությունը՝ գիտության միջազգային կառույցների կողմից մեր գնահատականներն են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Իր հոդվածում Աննա Ասատրյանը մասնավորապես նշել էր, թե Տարոն Մարգարյանը պաշտոնն ընկալել է ոչ թե որպես վայելք, ինքնահաստատման միջոց, այլ սեփական ժողովրդին ծառայելու հնարավորություն: Որպես կատարված աշխատանք ընդգծել էր 2013-ի ապրիլին Ակադեմիայի բակում տեղադրված «Երևան» մակնշմամբ նստարանները, Ակադեմիայի շենքի բակային տարածքի ասֆալտապատումը և այլն:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսորին հանդիպեցինք Արվեստի ինստիտուտում, հրաժարվեց հարցազրույց տալ, ասաց՝ խանգարում եք:

Աննա Ասատրյանի թեկնածությունն առաջադրել է ԳԱԱ Արվեստի ինսիտուտը 15 տարի ինստիտուտը ղեկավարած Արարատ Աղասյանը: Ինստիտուտի 60 հոգանոց գիտական անձնակազմից քվեարկությանը ներկա են եղել 51-ը, կողմ են քվեարկել 48-ը: Աղասյանը նույնպես հրաժարվեց հարցազրույց տալ, միայն ասաց, որ Ասատրյանն այս պահին լավագույն թեկնածուն է:

Ակադեմիայի գիտաշխատող, ազգագրագետ Գայանե Շագոյանը նախարարի ֆեսյբուքյան գրառմանն արձագանքել էր, թե նման մարդկանց ընտրությունը ինչ-ինչ պաշտոններում հասկանալու համար, երևի արժի մտածել, թե ինչու որոշ գիտական ինստիտուտներ տարիներ շարունակ չունեն կադրային համալրում, իսկ եղածն էլ սա է:

Գիտնական Շագոյանը, սակայն, տեղին չի համարում նախարարի հայտարարությունը․ - «Նախարարությունը նույնիսկ եթե կարծիք է հայտնում, այդպիսով ազդում է մի գործընթացի վրա, որը ենթադրում է ընտրություն: Բայց այն, որ մենք կադրային խնդիր ունենք տարբեր ինստիտուտներում, ես համաձայն եմ: Կոնկրետ այս տիկինը հանրության ավելի հայտնի է դարձել ոչ թե իր մասնագիտական աշխատանքներով, որին, ցավոք, նույնիսկ ես էլ ծանոթ չեմ, և դրա համար չեմ կարող իմ վրա վերցնել պատասխանատվությունը՝ տալ դրանց մասնագիտական գնահատականը, բայց ինքը ավելի հիշվել է իր իշխանահաճո ելույթներով և հրապարակումներով»:

Նախարար Արայիկ Հարությունյանը ընդգծում է, որ ինքը, որպես ոլորտում քաղաքականություն իրականացնող գերատեսչության պատասխանատու, պարտավոր էր ահազանգել «այս անընդունելի երևույթների մասին»:

Տնօրենի թափուր տեղի համար թեկնածություններ առաջադրելու վերջնաժամկետը փետրվարի 25-ն է: Վերջնական որոշում կայացնողը ԳԱԱ նախագահությունն է: