Բանակում տարիներ առաջ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան աղմկահարույց քրեական գործերի մի մասը կվերաբացվի, դրանք կուսումնասիրվեն հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ օրերս համաձայնագիր են կնքել: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը սա աննախադեպ քայլ է համարում:
«Զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև, այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով, ստեղծվել է մոնիթորինգի աշխատանքային խումբ։ Իրոք աննախադեպ է, նախկինում չի եղել, և ես վստահ եմ, որ համատեղ գործունեությունը տալու է բավականին լավ դրական արդյունք», - ասաց Արտակ Կրկյաշարյանը։
Ստեղծված հասարակական մոնիտորինգի խումբն առաջիկայում կսկսի հինգ քրեական գործի ուսումնասիրություն: Քրեական գործերն ընտրել են բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց՝ հիմնականում ընտրել են քրեական այն գործերը, որոնք կարճված են կամ կասեցված:
«Այն պակասները, թերությունները, բացթողումները, որ մենք կտեսնենք քրեական գործում, դա պետք է լրացնեն Քննչական կոմիտեի մեր գործընկերները, այստեղ, այս շրջանակում համաձայնագրի, որոնք պետք է տրամադրեն փաստաթղթերը, ապացույցները, եթե չկան՝ ուրեմն նոր քննության կատարեն։ Սա դեռ սկիզբն է», - նշեց Ալեքսանյանը։
Հնգյակում ընդգրկված է Տիգրան Օհանջանյանի գործը: Ըստ պաշտոնական վարկածի՝ 2007 թվականին զորամասի կապի հանգույցի մոտ Տիգրան Օհանջանյանը էլեկտրահարվել է և տեղում մահացել: Ծնողները պնդում են՝ սպանել են: Դատական տարբեր ատյանների եզրակացություններ կան, որ դեպքի վայրում առկա էլեկտրակայանը չէր կարող զինվորի կյանքի համար վտանգավոր լինել:
«Եթե էդ հակասությունների արդյունքում էս հանձնաժողովը կբացահայտի էն քննիչին, որը լարը պահեստից է վերցրել, որը շորերը փոխել է, մնացած իրեղեն ապացույցները կեղծել է, եթե էդ քննիչին իրենք մեղադրանք առաջադրեն, ապա ինքը կխոստովանի, որ ով է թելադրել իրեն, որ ինքը գործը այլ ուղղությամբ է տարել, ոչ թե սպանություն քննելով, այլ դժբախտ պատահար», - ասաց Տիգրան Օհանջանյանի մայրը։
Գոհար Սարգսյանի հետ տարիներ շարունակ տարբեր ատյաններից արդարադատություն է պահանջել նաև 2010 թվականին մահացած զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Վալերի Մուրադյանը ինքնասպան է եղել` պարանի միջոցով երկաթե ձողից կախվելով: Մայրը տարիներ շարունակ պնդում է, որ որդուն սպանել են, քանի որ նա ականատես է եղել վառելիքի գողությանը: Որդու մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ:
19 տարի առաջ Հայաստանի զորամասերից մեկում սպանված Արման Հակոբյանի գործն էլ կվերանայվի: Արման Հակոբյանին 2000թ. սեպտեմբերի 25-ին ճակատային մասում հրազենային վերքով հայտնաբերել են հենակետում: Հարուցված քրեական գործը ինքնասպանության դրդելու հոդվածով է: Ինքնասպանության վարկածին Հակոբյաններն ի սկզբանե չեն հավատացել, մարմնի վրա առկա են եղել կապտուկներ ու բռնության հետքեր: Զենքի վրա մատնահետք չի հայտնաբերվել:
Աշխատանքային խումբը քննելու է նաև Անդրանիկ Սիլակյանի գործը։ 2002 թվականին Անդրանիկ Սիլակյանին, զորացրվելուց մեկ ամիս առաջ, Արցախի զորամասերից մեկում հայտնաբերել են սպանված՝ 36 հրազենային կրակոցից: Սպանության մեղադրանքով 11 տարի ազատազրկվել է նրա ծառայակիցը: Մայրը՝ Գոհար Արմենակյանը պնդում է, որ տարբեր ուղղություններից որդու ուղղությամբ արձակված 36 կրակոցը չէր կարող մեկ հոգու ձեռքի գործ լինել:
Հնգյակում ներառվել է նաև հանրությանը հայտնի Մատաղիսի գործը: 2003-ին երկու զինծառայողի սպանած անձն այդպես էլ չհայտնաբերվեց:
«Ես քիչ թե շատ հույս եմ փայփայում, ավելի շուտ էսպես կարող եմ ասել, որ մեր միասնական հայտարարությունները, տեղեկանքները կարող են նպաստել ինչ-որ բան փոխելուն, իսկ ընդհանրապես ես ուղղակի նշում եմ, որ Քննչական կոմիտեն իր գործելաոճը դեռևս չի փոխել», - նշեց Ժաննա Ալեքսանյանը։
Քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքային խմբում ընդգրկված է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմը:
«Խորին համոզմամբ՝ աշխատանքային խմբի գործունեության ընթացքում մենք կունենանք բոլոր պատասխանները, և ինչպես մենք, այնպես էլ դուք և հանրությանը կհավաստիանա՝ իրականում տեղ գտե՞լ են կոծկելու, թաքցնելու և նմանատիպ դեպքեր, թե՞ դա որոշակի թյուրըմբռնման հետևանք է։ Հավաստիացնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր դեպքում, եթե կփաստվի որևէ մեկի կողմից հանցագործության կատարման դեպք, ապա վստահ եղեք, որ պատասխանատվությունը լինելու է անխուսափելի», - ընդգծեց Կրկյաշարյանը։
Քննչական կոմիտեն աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարեց անցած տարի, որդեկորույս մայրերի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո: Տարիներ շարունակ իրենց որդիների մահվան հանգամանքները բացահայտելու և իրական մեղավորներին պատժելու պահանջով բողոքի ցույց անող մայրերն առաջին անգամ էին արժանացել պետության ղեկավարի ընդունելությանը:
«Նրանք վատ վերաբերմունքի էին արժանանում, և Նիկոլ Փաշինյանը, երբ նրանց ընդունեց, հայտարարեց, որ այս քրեական գործերը պետք է բացահայտվեն», - նշեց Ժաննա Ալեքսանյանը։
Նախկին իշխանության օրոք գլխավոր դատախազության մոտ բողոքի ցույցեր անող որդեկորույս մայրերին ընդունել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն Ժաննա Ալեքսանյանի պնդմամբ՝ գործընթացն ավարտվեց ընդամենը քրեական գործերի քննարկմամբ: