Քոչարյանին կալանքի տակ պահելը սխալ է. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը սխալ է համարում Հայաստանի երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։

Ֆեյսբուքյան իր էջում շուրջ 30 րոպեանոց տեսաուղերձում Օհանյանը շեշտում է՝ 2008-ի «Մարտի 1»-ի գործը հիմնված է նախագահական եռանկյունու վրա և Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի համեմատությամբ, Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում:

Պաշտպանության նախկին նախարարն, ով նույնպես մեղադրվում է Սահմանադրական կարգի տապալման մեջ, կարծիք է հայտնում, թե «Մարտի 1»-ի գործը կարելի է քննել նաև Քոչարյանին ազատ արձակելու պայմաններում:

«Ես բացահայտ սխալ եմ համարում Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը, նրան կալանավորված պահելը։ Մարդը, որն ինքնակամ մի քանի անգամ ներկայացել է քրեադատավարական այդ բոլոր գործողություններին, այդպիսի վերաբերմունքի արժանի չէ, այդպիսի մարդիկ երբևիցե չեն խուսափում պատասխանատվությունից։ Եթե այնուամենայնիվ ուզում են քննել 2008 թվականի «Մարտի 1»-ի գործը, ապա այն հենված է, միանշանակ, նախագահական եռանկյունու վրա։ Մի կողմից նախագահն է, որ ընտրվել էր, մյուս կողմից նախագահը, որ չէր ընդունում ընտրությունների արդյունքները, և մյուս կողմից, նախագահը, որը պետք է կայունություն ապահովելով փոխանցեր մեր երկրի կառավարման համակարգը։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը գտնվում է անհավասար պայմաններում։ Կարելի է ազատ թողնել և այդ ազատության մեջ շարունակել այդ քննարկումը», - ասում է պաշտպանության նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանն անդրադառնում է նաև շրջանառվող այն հարցին, թե արդյո՞ք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող էր չիմանալ այդ հրամանի մասին:

2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Օհանյանը վստահաբար պնդում է՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը 0038 հրամանը մանրամասն չի ներկայացրել Քոչարյանին:

«Համոզված եմ, որ պաշտպանության նախարարը էդպես մանրակրկիտ չի տեղեկացրել 0038 հրամանի մասին, այլ ընդհակառակը՝ տեղեկացրել է, որ «կատարել ենք Ձեր կողմից տրված ցուցումները և չեզոքացրել այն սպառնալիքները, որոնք որ գոյություն ունեն», - ասում է Օհանյանը։

«Քոչարյանն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը»

Սեդա Սաֆարյան, արխիվ

​Մինչդեռ «Մարտի 1»-ի գործ քննող փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը հակադարձում է Սեյրան Օհանյանին՝ պնդելով, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը:

«Իհարկե կխոչընդոտի գործի քննությանը։ Ամենալավը Ռոբերտ Քոչարյանը գիտի, թե ինչքան ուժեր է ինքը կենտրոնացրել, ովքեր են այդ անձինք, ովքեր բուն գործողությունների մասնակից են, կամ կատարողն են։ Կոնկրետ չեմ կարծում, թե Սեյրան Օհանյանը Ռոբերտ Քոչարյանի չափ իրազեկված է այս ամենին», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Մարտի 1»-ի գործ քննող փաստահավաք խմբի նախկին անդամը։

Սաֆարյանը պատահական չի համարում, որ Օհանյանը պաշտպանության տակ է առնում Ռոբերտ Քոչարյանին, քանի որ, ըստ Սաֆարյանի, Օհանյանը մասնակցել է այդ ռեժիմի գործողություններին և հասկանում է՝ եթե իրենց թիմն այն ժամանակ չսատարեր Քոչարյանին, ապա վերջինս այդքան առաջ չէր գնա:

«Շահերի ընդհանրություն ունեն։ Պատահական չէ, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության տակ է առնում Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նրա հետ համահավասար այդ նույն ռեժիմի գործողություններին ինքը մասնակցել է։ Բոլորս էլ գիտենք, որ առաջադրված մեղադրանքները խիստ հիմնավոր են՝ և՛ իրենը, և՛ Ռոբերտ Քոչարյանինը, և՛ բոլորի մեղադրական եզրակացություններում նկարագրված գործողություններով ամբողջանում է Սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը», - ասաց Սաֆարյանը։

Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանից բացի Սեյրան Օհանյանը ոչ ճիշտ է համարում նաև քրեական հետապնդումները պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ:

Մասնավորապես, խոսելով Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասին՝ Սեյրան Օհանյանն ուշագրավ հայտարարություն է անում՝ ասելով, թե չի կարծում, որ նա խուսափում է նախաքննությունից:

Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանի արձակած 0038 հրամանին, ապա Սեյրան Օհանյանը պնդում է՝ այդ հրամանում ժողովրդի դեմ ուղղված ոչ մի քայլ չկա:

«Չեմ հավատում, որ նա խուսափում է, այլ պարզապես վիրավորված է և չի հավատում ընթացող քրեադատավարական գործընթացին։ Կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ պատերազմով անցած, այս պետությունը կերտած իսկական մարդիկ չեն կարող փախչել հայրենիքից», - ասում է Օհանյանը՝ շարունակելով. - «Միքայել Հարությունյանի հրամանի մեջ ժողովրդի դեմ ուղղված ոչ մի քայլ չկա»։

Նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը մինչդեռ հակադարձում է. - «Ի՞նչ է նշանակում հրամանում ժողովրդի դեմ գործողություն կատարելու դրույթ չկա։ Էդ բոլորն՝ ինչ-որ տեղաշարժ նախատեսված է եղել, դրանք բոլորը հետագայում ուղղվել են ժողովրդի դեմ, բառացի կարող է այդպիսի դրույթ չկա, բայց ես չեմ կարծում, թե Օհանյանն այնքան պարզունակ մարդ է, որ այսքանը չի հասկանում», - ասաց Սաֆարյանը։

Իր ծավալուն տեսաուղերձում Սեյրան Օհանյանը անդրադառնում է հույժ գաղտնի 0038 հրամանին՝ պնդելով, որ դրանում ոչ մի արտասովոր բան չկա, և այն դնել «Մարտ 1»-ի գործում հիմքում ՝ «ծայրահեղական» է և ոչ օբյեկտիվ:

Անդրադառնալով հրամանի գաղտնիությանը՝ Սեյրան Օհանյանը նշում է, որ հրամանը գրավոր էր, և այն ոչ մեկից չէին կարող թաքցնել, քանի որ այն հասանելի է եղել շուրջ 1000 մարդու:

Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերը ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում, իսկ դրա համար այդ ժամանակվա պաշտպանության նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը ստորագրել է Գերագույն գլխավոր հրամանատարի, այսինքն՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ հույժ գաղտնի 0038 հրամանը: