Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds) այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Armenian Summit of Minds անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը The Monthly Barometer հեղինակավոր վերլուծական հանդեսն է:
Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:
«Գագաթնաժողովը հեղինակավոր միջոցառում է, որին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից : Միջոցառման հիմնական նպատակն է համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը», - ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:
Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից դուրս, շեշտում է նախագահականը:
Armenian Summit of Minds-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը և ներդրումները. բազմաբևեռության ազդեցությունը առևտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը: Հայաստանում անցկացվող միջոցառման կարևոր առանձնահատկություններից մեկը ծրագրի հարուստ մշակութային մասն է, այդ թվում՝ այցելությունները Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ գագաթնաժողովի մասնակիցներին Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու նպատակով:
«Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից», - ընդգծում է Հայաստանի նախագահի գրասենյակը: