Վերջին օրերի քննարկումները ցույց տվեցին, որ տնտեսական հեղափոխության բանաձևը հանրությունն ընկալել է, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդգծելով, որ ուզում է տարանջատել կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից՝ վարչապետը հանձնարարականներ տվեց։
«Ուզում եմ հիմա բարձրաձայնել մի քանի ուղղություններ, հանձնարարականներ, որոնց ուղղությամբ մենք իրար հետ և առանձին նախարարություններ, պաշտոնյաներ պետք է աշխատեն», - ասաց վարչապետը՝ հրապարակելով ցանկը.
« - Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:
- Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով։
- Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը։ Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից:
- Հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձով, հասցեով, ընկերություններով։
- Արագ բացահայտել բոլոր այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից։
- Բանկային տոկոսադրույքի նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել: Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել։
- Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։
- Ակտիվացնել ու զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները և նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը: Այս նպատակով բանակցել և համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի հանրային հեռուստատեսության և մյուս հեռուստաընկերությունների հետ։
- Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում։
- Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքների ծավալները մեծացնելու համար։
- Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ։
- Մսի և մսամթերքի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը։
- Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել»։
Երեկ 88 կողմ, 40 դեմ ձայներով խորհրդարանը հավանության արժանացրեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը:
Ազգային ժողով կառավարության ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց քաղաքական հեղափոխության մեկնարկի մասին։ «Ազդարարում եմ Հայաստանի Հանրապետությունում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում, և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում», - ասաց վարչապետը: