12 տարվա ընդմիջումից հետո Վրաստանը հնարավոր է վերականգնի ռուսական գազի գնումները: 2007 թվականից ի վեր Վրաստանի գազի պահանջարկը ապահովում է Ադրբեջանը:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կոբուլիան երեկ խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստում, ինչպես նաև լրագրողների հետ զրույցում ասել է, որ պլանավորում են դիվերսիֆիկացնել գազի գնումների ոլորտը, ինչը շուկայում մեծ մրցակցություն կստեղծի և կնպաստի գազի սակագնի կրճատմանը:
«Գազպրոմ»-ի հետ մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի բարելավենք մեր պայմանները ինչպես գազի տարանցման, այնպես էլ գնումների առումով, ինչը մեր ընկերություններին և քաղաքացիներին հնարավորություն կտա գազ ստանալ ավելի ցածր գնով: Դրա պոտենցիալը կա, և մենք հավանաբար արդեն այս տարվա ընթացքում կհասնենք դրան», - ասել է նա:
Գիորգի Կոբուլիան հայտնել է, որ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները շուտով կավարտվեն: Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել փետրվարի վերջին: Այս փուլում չբացահայտելով բանակցությունների մանրամասները՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ասել է. - «Մենք բանակցում ենք, մենք հուսով ենք, որ ավելի լավ պայմաններ կստանանք «Գազպրոմ»-ից»:
Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող ռուսական գազի տարանցման հարցին, ապա հիշեցնենք, որ Վրաստանն ու «Գազպրոմ»-ը տրանզիտի վերջին պայմանների շուրջ համաձայնության էին եկել 2017 թվականի հունվարին: Այդ պայմանագիրը ստորագրվել է երկու տարի ժամկետով: Առաջին տարվա համար նախատեսված էր, որ ընդհանուր գումարի մի մասը Վրաստանը կստանա փողով, մյուս մասը կվճարվի գազի որոշակի ծավալով, երկրորդ տարվա համար՝ արդեն միայն ֆինանսական վճարումներով: Այդ պայմանագրի ժամկետն այս տարի ավարտվում է, և Վրաստանն ու «Գազպրոմ»-ն արդեն պետք է տարանցման նոր պայմանագիր կնքեն:
Հայաստանի ու «Գազպրոմ»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ենթադրում է տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում Հայաստան: