Կառավարության ծրագիրն արժանացավ Ազգային ժողովի հավանությանը

88 կողմ, 40 դեմ ձայներով խորհրդարանը հավանության արժանացրեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը:

Միաձայն կողմ քվեարկեցին «Իմ քայլը» դաշինքի բոլոր 88 պատգամավորները: Միաձայն դեմ քվեարկեցին ընդդիմադիրները՝ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճի» պատգամավորները։

Քվեարկությանը չմասնակցեց նախօրերին կառավարության ծրագիրը քննադատած Գագիկ Ծառուկյանը: Նա բացակա էր։

Մինչև քվեարկությունը Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ սկսում է իր երկրորդ քայլարշավը՝ դեպի տնտեսական հեղափոխություն: Ով քայլ ունի անելու, ինչպես թավշյա հեղափոխության օրերին, այսօր էլ կոչ արեց, թող քայլի իր հետ: Այդ ճանապարհին, ասաց, գլխավերևում լինելու է միայն ու միայն ՀՀ դրոշը․ - «Տնտեսական հեղափոխությունն էլ պետք ա հաղթի և հաղթելու ա: Հոռետեսական բոլոր կանխատեսումները պահեք ձեզ: Էդ որ ասում եք՝ հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ ա, եթե նույնիսկ մտածում եք պարտության մասին, էդ պարտությունը որբ չի, ե՛ս եմ էդ պարտության տերը: Հաղթանակը ձերն ա, բոլորինն ա և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունն ա»:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, թե ինչու են դեմ: Նախ Սերժ Սարգսյանի ժամանակից մնացած կադրերի, նաև Կառավարության կառուցվածքի պատճառով, որտեղ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություններ չեն դառնում, այլ մնում են վարչապետին ենթակա մարմիններ:

Իսկ խոստումը, ասաց Մարուքյանը, վարչապետի թեկնածու եղած ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանն է տվել․ - «Եվ եթե մի խոստում չի կատարվում, ի՞նչ հույս կա, որ մյուս խոստումները պետք է կատարվեն: Էդ կադրերով հնարավոր չի անել տնտեսական հեղափոխություն: Եվ մենք ասում ենք՝ պարոն Փաշինյան, ընդդիմությունը, ի դեմս «Լուսավոր Հայաստան» խմբակցության, Ձեզ առաջարկում է ազատվել Սերժ Սարգսյանի երկրորդ պլանի խաղացողներից, ովքեր չեն հավատում, որ հնարավոր է հինգտոկոսանոց աճից ավել աճ ապահովել: Իրանք են ստիպել, որ վարչապետը գրի հինգտոկոսանոց աճ»:

ԲՀԿ-ն իր քվեարկությունը պայմանավորեց ներկայացրած առաջարկների ընդունումով: Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը ծրագրում մի ամբողջ գլուխ ավելացնելու առաջարկ էր արել, որտեղ նաև կոնկրետ թվեր պետք է լինեին:

Նաիրա Զոհրաբյանը և՛ քննադատեց, և՛ կրկնեց՝ իրենք Փաշինյանի համախոհն են․ - «Այն, ինչ ներկայացրել եք, վախվորած է, ինչպես Ձեր թիմակիցը նշեց՝ զգուշավոր: Այնքան զգուշավոր, որ եթե անգամ օրական հինգ հազար անգամ մանտրայի նման կրկնենք, որ ունեք բարձր լեգիտիմություն, հավատացնում եմ Ձեզ, դա չի լուծելու տնտեսական, սոցիալական խնդիրների այն բեռը, որի լուծման համար ժողովուրդը Ձեզ տվեց վստահության աննախադեպ քվե»:

Ավելի ուշ Փաշինյանն ասաց, որ առաջարկները նախագծում ներառելու սահմանադրական հնարավորություն չկա, բայց նաև դրանց որակում տվեց․ - «Դա էլի սուպերվարչապետական համակարգի կամ տոտալիտար կառավարվող համակարգի տրամաբանություն է: Դուք ասում եք՝ ներդրումները էսքան․․․ էնտեղ առաջարկ հնչեց՝ էկեք ուրեմն ազգանուններն էլ գրենք, ամեն տարի ով ինչքան ա ներդրում ա անելու: Էդպիսի փորձ ունեցել ենք, բայց էդ փորձը ձախողվել ա»:

Կառավարության ծրագրի շուրջ քննարկումները այսօր ևս բուռն էին․ ընդդիմադիրները կրկին թվեր ու կոնկրետություն էին պահանջում։

«Լուսավոր Հայաստանից» հայտարարեցին, թե ծրագիրը չի փայլում որոշակիությամբ: Մանե Թանդիլյանի խոսքով, ծրագրի բովանդակությունն ու գործիքակազմը հեղափոխական չեն․ - «Կարծեք զրույց լինի վարչապետի և քաղաքացիների միջև, բայց ոչ կառավարության չափելի ծրագիր: Իմ անհանգստությունը այնտեղ է, որ հասարակության մեծ մասը իսկապես սկսել է կորցնել այդ վստահությունը սեփական ապագայի նկատմամբ: Խոսքը Կառավարության նկատմամբ վստահության և իշխանության նկատմամբ վստահության մասին չէ․ քավ լիցի, այստեղ ես մտավախություն չունեմ: Իմ մտավախությունը սեփական ապագայի նկատմամբ վստահության նվազումն է»:

«Իմ քայլից» Էդգար Առաքելյանը դիմեց ԼՀԿ-ի պատգամավորներին՝ ասելով, թե նույնիսկ Սերժ Սարգսյանը ասաց՝ ես սխալ էի, Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, իսկ հեղափոխության հաջողությանը կասկածող գործիչներից նման խոստովանություն չլսեցին:

Այսօր էլ, ըստ իշխանական պատգամավորի, ինքը նույն վարքագիծն է տեսնում․ - «Վարչապետը մեկնարկ է տալիս մեկ այլ հեղափոխության՝ տնտեսական հեղափոխության, և էդ երազանքի ջահն է ստեղից վառում իր ելույթով, և մենք նորից տեսնում ենք նույն վարքագիծը՝ չհավատալ, փորձել կասկածի տակ դնել, ներողություն արտահայտությանս՝ սգո սերվիս դեմքերով ու ձայնով այստեղից ելույթներ ունենալ, պահանջել թվեր»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըի կարծիքով, այսօրվա քննարկումները ընթանում են անհանդուրժողականության մթնոլորտում, եղան չափուսահմանն անցնողներ․ - «Փաշինյանը, որը որ հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել և ավարտին ա հասցրել, այդքան չի խոսում հեղափոխությունից և չի տալիս երեսով, որքան տալիս են մարդկանց երեսով հեղափոխությունը մարդիկ, ովքեր կապ չունեն հեղափոխության հետ: Ուղղակի էսօր բախտի քմահաճույքով, ասենք, տեղավորված և դասավորված են հեղափոխության շարքերի մեջ»:

Նա հավելեց․ - «Հեղափոխության լիդերը հայտարարում է, որ հեղափոխությունը մարդկանց գլուխներում է, դո՛ւք պետք ա էնպես անեք, որ աղքատությունը հաղթահարեք․․․ Էդտեղից նորից մի հատ ուրիշ հարց է ծագում՝ բա էն ժամանակ ինչի՞ էին երեք առաջնորդները մեղավոր, որ մենք աղքատ ենք, հիմա չորրորդ առաջնորդը ասում ա՝ ես մեղավոր չեմ լինելու, եթե դուք շարունակեք լինել աղքատ, դո՛ւք եք լինելու մեղավոր, որովհետև ձեր գլուխների մեջ ա»:

«Լուսավոր Հայաստանից» Արման Բաբաջանյանը ևս քննադատեց իշխանությանը․ - «Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են լակոտ, ձեզնից և ոչ մեկ նրան չի պաշտպանում, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ելույթի համար վերնագիր էլ էր ընտրել՝ «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին»։ Ջրամբարների կառուցման մասին գրված է ծրագրում, իսկ գործընկերները թվեր են պաանջում ՝ որտե՞ղ, ի՞նչ ժամկետներում և քանի՞սն է կառուցվելու։ Հարցերի պատասխանը ծրագրում, այո՛, չկա, բայց այդ ջրամբարները կառուցվելու են: Հարցադրումները, կարծիք հայտնեց, արդարացորեն տանում են մեկ տարի հետ՝ մինչև հեղափոխությունը «Լուսավոր Հայաստանի» հետ քննարկումներ, երբ հարցնում էին՝ ո՞րն է ձեր պլանը։

«Մեկն է՝ քաղաքացու հավատի արթնացում, քաղաքացու մասնակցություն և քաղաքացու հաղթանակ, ասում էինք մենք։ Շատ ճիշտ է անում վարչապետը, երբ ասում է՝ այս ծրագիրը կարող է իրականանալ միայն մի դեպքում, եթե կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, մասնակցությունը: Էդ դեպքում կապահովվի քաղաքացիների հաղթանակը: Սա, իմ խորին համոզմամբ, կառավարության միակ ու լրջագույն մարտահրավերն է։ Կհաջողվի՞ կառավարությանն ապահովել սա, կհաջողվի ծրագիրը, կկառուցվեն այդ ջրամբարները, և թոշակները կբարձրանան: Չի հաջողվի, ուրեմն ծրագիրը չի իրականանա»,- ասաց Արարատ Միրզոյանը.- «Քաղաքականությունը ոչ պակաս չափով զգացմունքների հարց է, որովհետեւ եթե մենք հաշվեինք՝ ինչի դեմ ենք դուրս գալու և ինչ շանսեր ունեինք, երևի չսկսեինք»։

Փաշինյանն արդեն եզրափակիչ ելույթում հատ-հատ անդրադարձավ ընդդիմադիրների քննադատությանը: Նախ Էդմոն Մարուքյանի հայտարարություններին կոշտ պատասխանեց․ - «Հնարավոր ա, բացահայտում են իրենց հիմնական առաքելությունը․․․ Դե հա, մի ժամանակ Սերժ Սարգսյանին էին մեղադրում, հետո Ռոբերտ Քոչարյանին, հետո Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա Նիկոլ Փաշինյանին: Հա, դե ո՛չ Նիկոլ Փաշինյանն ա մեղավոր, ո՛չ Սերժ Սարգյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը․․․ հասկացաք, չէ՞: Հիմնական նախադասությունը հնչեց․ Սերժ Սարգսյանը մեղավոր չի, Ռոբերտ Քոչարյանն էլ չի մեղավոր, ոնց որ մեղավոր չի էսօրվա կառավարությունը․․․ Բացահայտվեց հիմնական առաքելությունը, թե էս ինչի մասին են էս մարդիկ խոսում: Հիմա եթե ասեմ՝ ձեզ պա՞րզ չի, թե Սերժ Սարգսյանը ինչով ա մեղավոր: Մեղավոր էր նրա համար, որ ասում էր՝ այո, ամեն մարդ չի կարա բիզնես անի, ով կգա կկզի, կմուծվի, այ նա բիզնես կանի: Որ ախպերը ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտած, այ դրանում ա մեղավոր: Ու չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ և իրենց դնել նույն հարթության վրա: Ձեզ ու իրանց դրեք նույն հարթության վրա: Ոորվհետև դուք 2018-ին էլ էիք նույն բանն ասում՝ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում, մենք ո՞նց կարանք անձերի դեմ պայքարենք, արի գնանք փոխնախարարի պաշտոններ ստանանք, ներսին կամաց կառուցենք․․․ Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել: Մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք․ որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք էստեղ նստած: Ձեզ համար իհարկե հեղափոխություն չի եղել, որովհետև որտեղ ձեր քաղաքական բովանդակությունը առաջ էր ստեղծվում, հիմա նույն տեղը ստեղծվում ա: Խոսում եք արտաքին քաղաքականության, անկախ քաղաքականության, Հայաստանի ինքնության ու բանի մասին, ու ձեր հիմնարկի դեմը տնկում են Հայաստանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության դրոշը, մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ պետք ա արտաքին քաղաքականությունը հավասարակշռել: Բա Ռուսաստանի դրո՞շը խի չեք կախել․․․ էլ չեմ ասում Վատիկանի դրոշը»:

Տնտեսական հինգտոկոսանոց աճի և այսօրվա կառավարությունում Սերժ Սարգսյանի ժամանակներից աշխատող պաշտոնյանների մասին ևս Մարուքյանն էր խոսել, Փաշինյանը այդ հայտարարությունն էլ անպատասխան չթողեց․ - «Ասում ա՝ վարչապետին ստիպել են, որ էդ հինգ տոկոսը դնեն: Թան էլ չէ, փրթած մածուն․․․ հա, վարչապետին ստիպել են, մի քանի հոգի կային վարչապետին ստիպող»:

ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը նախարարություններ դարձնելու դեմ չէ, հայտարարեց Փաշինյանը․ - «Երբ որ ասում են, որ 90-ականների սկզբից վատ պրակտիկա կա, վատ օրինակ կա, երբ որ ուժային կառույցի գլխին լինում ա քաղաքական դեմք, քաղաքական պրոցեսը որոշակի դեֆորմացիաների ա ենթարկվում: Էկեք վերլուծենք․ եթե չկա տենց խնդիր, վաղն էլ անենք: Էկեք, հրավիրում եմ: Եթե չկա, ես խնդիր չունեմ, ես որևէ խնդիր չունեմ»:

Վարչապետը հակադարձեց նաև «Լուսավոր Հայաստանից» Արման Բաբաջանյանին․ - «Մի հատ էլ տղայական բան․ ասում է՝ Ձեր ոստիկանության պետին ասեցին լակոտ, դուք չպաշտպանեցիք․․․ Ոհմակը պտի հարձակվեր, պտի պադյեզդներում ծեծեին, պտի իրիկունները ընտանիքի անդամներին զանգեին տեռորի ենթարկեին»:

«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»․ տարիներ շարունակ արած իր այս հայտարարությունը, Փաշինյանը կարծում է, դեռ արդիական է: