«Դեռևս 2013 թվականին, Արամ Սիմոնյանի կառավարման ընթացքում ծեծի են ենթարկվել բազմաթիվ ուսանողներ ցույցի մասնակցության ժամանակ: Տարկետման ցույցերի ժամանակ բազմաթիվ ուսանողներ կանչվել են դեկանատներ, նրանց հարց է տրվել, թե՝ չե՞ն վախենում, որ դուրս են մնալու համալսարանից: Հեղափոխության ժամանակ, շատ լավ գիտենք, որ երբ բազմաթիվ ուսանողներ ԵՊՀ տարածքում փորձում էին ապաստան գտնել կարմիրբերետավորներից, ԵՊՀ-ն փակել էր նրանց առջև դռները․․․ Հակաուսանողական այս պահվածքը անհանդուրժելի է», - ասաց ցուցարարներից Լևոն Չուկակլյանը:
ԵՊՀ-ի բոլոր մասնաշենքերի առջև վաղ առավոտից իրազեկման ակցիա կազմակերպած ուսանողների կագախոսն էր՝ «100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի»: Այս տարի լրանում է ԵՊՀ-ի հիմնադրման 100 ամյակը:
«2500 աշխատակից կա ԵՊՀ-ում, որոնցից 1500-ն են ընդամենը գիտաշխատողներ և դասախոսներ: Իսկ մնացած հազարը ադմինիստրացիայի աշխատակիցներ են», - նշեց Չուկակլյանը: - «Վատ կառավարման օրինակներից մեկը նա է, որ ֆինանսական բաժին չկա ԵՊՀ-ում: Դրա համար էլ ունենք մենք Ծաղկաձորում հյուրատուն, որը միշտ մինուսով ա աշխատում»:
Պետական վերահսկողական ծառայությունը Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում 800 միլիոն դրամի վնաս էր հայտնաբերվել: ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի այս հայտարարությունն անհեթեթություն որակելով՝ Արամ Սիմոնյանն ասել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Թե՛ Սիմոնյանն ու թե՛ Սանասարյանը պատրաստ են այս գործով դատարան մտնել:
Ուսանողները կոչ արեցին հոգաբարձուների խորհրդին ծանոթանալ նաև ՊՎԾ-ի ուսումնասիրություններին, դրանք ընդունել ի գիտություն և անվստահություն հայտնել Արամ Սիմոնյանին:
«Կան նաև ՊՎԾ բացահայտումներ, որոնք արդեն դատախազությունում են գտնվում: ՊՎԾ-ի վերջին ասուլիսով փաստարկված կերպով ներկայացվել է, որ ԵՊՀ ռեկտորի արած հայտարարությունները իրականության չեն համապատասխանում», - նշեց ցուցարարը:
Ուսանողներն այնքան նստեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհդրի փակ դռան առջև, մինչև ներքևի հարկերից նրանց մոտեցավ քարտուղար Արթուր Իսրայելյանը ու ընդունեց նամակը:
Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեքսանդր Շագաֆյանը, ով նաև կրթության տեսչական մարմնի ղեկավարն է ասաց, որ առաջին նիստին ռեկտորի հարց օրակարգում չի եղել, իսկ այսօրվա նամակի բովանդակությանը դեռ պետք է ծանոթանան․ - «Կարծում եմ, քարտուղարություն համապատասխան հաղորդումը գնացել է: Եթե այդպես է, միգուցե հետագա նիստին էդ հարցը դրվի»:
Ուսանողներն ասացին, որ կսպասեն իրենց նամակի պատասխանին, իսկ հետո կորոշեն՝ շարունակե՞լ իրազեկման, թե՞ անցնել դասադուլի
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը տարբեր հարցազրույցներում նշել է, որ հրաժարական չի տալու, որ ինքը ընտրված ռեկտոր է մինչև 2020-ի մայիսը:
Այսօր հրաժարվելով հարցազրույց տալ «Ազատությանը»՝ ասաց․ - «15-20 հոգու պահանջին հումորով եմ վերաբերվում»: