Գործարար. Մինչև հեղափոխությունը նախագահականից էլ էին թելադրում՝ ինչպես աշխատել

Տեքստիլ ֆաբրիկա Հայաստանում, արխիվ

Հայաստանի ամենամեծ տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը համարում է, որ իշխանափոխությունն իրեն ազատել է կապանքներից, որոնց պայմաններում արտադրություն է կազմակերպել ավելի քան 20 տարի։ Մոտ 2 հազար 500 աշխատող ունեցող «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատերը շեշտում է՝ հեղափոխությունից առաջ նույնիսկ նախագահական նստավայրից են իրեն թելադրել՝ որ պատվիրատուի հետ համագործակցել, ում պատվերներից հրաժարվել, հաճախ պարտադրել են իր բիզնեսի համար ոչ շահավետ արտադրություն կազմակերպել։

«Էլի ասեմ՝ ա-զատ-վել ենք, հիմա հո զոռով չի։ Կարող ա մարդ կա չի ազատվել, մարդ կա, ընդհակառակը, քաշվել ա։ Ես ազատվել եմ կոնկրետ, զանգող չկա, դաժե օրդ անցնում է, ասում ես՝ էս ինչի՞ չեն զանգում, ոչ մի բան չեն կարգադրում, անսովոր ա դաժե։ Ասում էին՝ էս արա, էն արա, էս արտադրի, էն արտադրի։ Նենց չի, որ ես տարել մարդու փող եմ տվել, բայց քեզ էլ պայմանների մեջ են դնում, որը որ դու չես կարողանում էդ եկամուտը ստանաս, ասենք, իրանք են ստանում։ Կոպիտ ասած՝ նենց էր, որ «մեր երկրում աշխատում ես, բա ի՞նչ ես ուզում», - նշեց Բագրատ Դարբինյանը։

Հեղափոխությունից հետո, ըստ գործարարի, շեշտակի ավելացել են ֆաբրիկայի եկամուտներն ու մեծացել աշխատատեղեր ավելացնելու և նոր ներդրումներ անելու հնարավորությունները։

«Հիմա մի քիչ հարկային քաղաքականությունն է ավելի խիստ, բայց դե էն, ինչից որ պրծել ենք, նրա հետ, ասում ես՝ հա լավ ա էլի, ինչ ա եղել», - ընդգծեց Դարբինյանը։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, թե Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» տեքստիլ ֆաբրիկաներում 200 թափուր աշխատատեղ կա՝ 120 հազար դրամից բարձր աշխատավարձով։ Վանաձորում կարի արտադրություն կազմակերպողներն ասացին՝ տեղյակ չեն, թե ինչի հիման վրա է վարչապետն արել այս հայտարարությունը։ «Գլորիա»-ում այս պահին աշխատատեղերն ընթացիկ են՝ կապված միայն աշխատակիցների փոփոխության հետ, ասաց Բագրատ Դարբինյանը։

Մինչդեռ «Գլորիա»-ի մրցակիցներից մեկը՝ «Սաստեքս» ընկերության սեփականատեր Քրիստիան Գելեջին, որ վերջերս մեծացրել է իր արտադրությունն ու Վանաձորում ստեղծել նոր աշխատատեղեր, սրտնեղած է կառավարության ղեկավարի այս հայտարարությունից։ Համարում է, որ սա միջամտություն է գործարար միջավայրին։

«Նիկոլ էֆենդին իրավունք չունի մտնի գործարանների մեջ՝ խնդիր ստեղծելու, էսի վարչապետի գործը չի, որ վարչապետը իրան խառնում է սենց բաների մեջ ու հայտարարում, սիրուն չի։ Ես մենակ չեմ էստեղ բիզնեսմեն, հազարավոր բիզնեսմեններ՝ Վանաձորում, մեղք են այս մարդիկ։ Ուրիշների բիզնեսը ինչո՞ւ եք քանդում, թեկուզ իմ մոտի մարդկանց ոգևորում եք, որ էստեղից թողնեն գնան, որ հազիվ իրա տեղը գտել ա, ինչի՞ համար։ Ինքը պետք է մթնոլորտ ստեղծի, որ օրենքը բոլորի համար նույնը լինի, սրա, նրա համար գովազդ պետք չի անել», - ընդգծեց Գելեջին։

Գործարարը, որը Հայաստանի տեքստիլ ոլորտում 800 աշխատատեղ է ստեղծել, նշում է, որ կառավարության խնդիրը պետք է լինի արտադրողներին աջակցելը՝ աշխատողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում։ Շեշտում է՝ կենցաղում բազմաթիվ խնդիրներ ունեցող աշխատողի արտադրողականությունը չի կարող բարձր լինել։

«Այս խեղճ ժողովուդը կարիք ունի պետության օգնության։ Մենք այս սոցվճարները, որ մուծում ենք, ասենք՝ տիկինը ստանում է 90 հազար, մենք 30 հազարը պետությանն ենք փող տալիս, այս 30 հազարը թող պետությունը մեզնից չվերցնի, թող պետությունը մեզնից վերցնի դրա կեսը՝ 15 հազար դրամը, մնացած 15-ը մենք այս տիկինին ապահովենք առողջությունը, որ այս տիկինը, առանց մտածելու՝ իր ընտանիքը ապահովվա՞ծ է, վաղը կարա գնա բժիշկի, վաղը կարա գնա դեղ ստանա, վաղը կարա վիրահատվի, որ դուխ ստանա այս տիկինը: Բայց այս տիկինը հիմա կոտրված է, կոտրված գալիս է հասնում է այստեղ, ես տեսնում եմ, աչքերից երևում է», - ասաց Գելեջին։

Փետրվարի 23-ին Վանաձորում տեղի կունենա բիզնես ֆորում, որին կմասնակցեն գործարարներ ու ներդրողներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Ֆորումին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորցի արտադրողներն ասացին, որ պատրաստվում են երկրի ղեկավարի առջև բարձրացնել իրենց հուզող բոլոր խնդիրները՝ ակնկալելով լուծում հնարավորինս կարճ ժամկետներում։