Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այսօր հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն 232 հազար 917 դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ 228 միլիոն 176 հազար 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ 225 միլիոն 3 հազար 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն 101 հազար 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ, ասված է հաղորդագրությունում:

«Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մանվել Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով», - հաղորդում է ՀՔԾ-ն:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է անցած տարվա հունիսին: Դեկտեմբերին նա ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից՝ խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով, փաստաբանների փոխանցմամբ՝ որոշման հիմքում դնելով 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Այս տարվա հունվարի 22-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանավորվեց։

Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները տե՛ս այստեղ