ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է հայաստանյան մասնագետների 83-հոգանոց խմբի գործուղմանը Սիրիա

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն արձագանքել է Հայաստանից մասնագետների՝ բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող 83-հոգանոց խմբի գործուղմանը Սիրիա՝ ընդգծելով, որ չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», - ասված է լրատվամիջոցների հարցումներին Պետդեպարտամենտի տված պատասխանում, որը տրամադրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: - «Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով»:

«Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - հայտարարում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանը («Լուսավոր Հայաստան») անդրադարձավ այս հարցին` նշելով, որ անհանգստություններ կան իրավապայմանագրային հիմքերի հետ կապված, ապա մեջբերեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը, որ եթե անհրաժեշտ լիներ նաև ռազմական գործողություններին մասնակցել, դա ևս կարվեր օրենքին համապատասխան և քննարկումներից հետո, ընդ որում՝ նաև արտախորհրդարանական ուժերի հետ:

«Խնդրում եմ նշել, թե ինչ հնարավոր անհրաժեշտությունների առաջացման դեպքում կարող է մենք Սիրիայում ներգրավվենք ռազմական գործողություններին, և ընդհանրապես ի՞նչ ռիսկեր են հաշվարկվել, ինչպե՞ս են հաշվարկվել․․․ Արդյո՞ք մենք մեր ներկայությամբ չենք թիրախավորել հենց հայ համայնքը Սիրիայում և Հայաստանը առհասարակ: Եվ ե՞րբ ենք ծրագրում դուրս գալ էնտեղից»:

Ի պատասխան Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանը Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցելու ծրագրեր չունի․ - «Սիրիա մենք ուղարկել են հումանիտար առաքելություն և Սիրիայում մենք ունենք հումանիտար առաքելություն: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարի պատասխանին, պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել և ինչ հարցի համատեքստում է նա այդպիսի հայտարարություն արել: Մենք նման պլաններ չունենք»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասյօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իր երեկվա հայտարարությունը․ - «Ես տեսնում եմ, որ կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում հայկական համայնքը, կարծում եմ, բարոյական առումով անխոցելի է և շահարկման առիթ չի կարող հանդիսանալ որևիցե ձևով․․․ Երեկվա իմ հայտարարությունը ռազմական գործողությունների հետ կապված ամենևին չէր վերաբերում Սիրիային, խոսքը գնում է ընդհանրապես․․․ եթե որևիցե պայմաններ, հանգամանքներ լինեն, որ անհրաժեշտություն լինի աշխարհի ցանկացած կետում ռազմական գործողություններին ներգրավման Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ևս դա կատարվելու ա օրենքի տառով»:

Փետրվարի 8-ին հաղորդվեց, որ արդեն Հալեպում է հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83-հոգանոց խումբը: Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Նույն օրը Մոսկվայում ընդունելով իր հայաստանցի գործընկեր Դավիթ Տոնոյանին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն էր հայտնել Հայաստանին Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար:

«Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին», - ասել էր Շոյգուն: