Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան և Լեհաստանը կոչ են արել Ռուսաստանին վերջ տալ զինված հակամարտությանը Ուկրաինայի արևելքում՝ ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելով անջատողականներին։ Եվրոպական երկրները նախկինի պես աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և համարում են, որ Ռուսաստանը պարզապես անեքսիայի է ենթարկել Ղրիմը։
«Ռուսաստանի գործողությունները ոչ միայն խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, այլ նաև սպառնում են միջազգային անվտանգությանը», - ասված է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և Լեհաստանի համատեղ հայտարարությունում, որը երկրների ներկայացուցիչները տարածել են ուկրաինական ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան հայտարարել է նիստին, որ Մինսկի համաձայնագրերը, մեծ հաշվով, չեն կատարվում։
«Այդ հակամարտությունը Եվրոպայի սրտում սառեցված չէ, և այնտեղ նախկինի պես մարդիկ են զոհվում», - ասել է Ենչան՝ հավելելով, թե Մինսկի համաձայնագրերի շրջանակներում 10 անգամ զինադադար է հայտարարվել և 10 անգամն էլ այն խախտվել է։
2014 թվականից ի վեր Ուկրաինայի արևելքում շուրջ 3 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, 9 հազար մարդ տուժել է հակամարտության ժամանակ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ուրսուլա Մյուլերը։
Դոնբասում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, Մյուլերի խոսքով, 2019 թվականին անհրաժեշտ կլինի 162 միլիոն դոլար։ Նիստի նախօրեին հայտարարվել է, որ ՄԱԿ-ը հիմնել է Ուկրաինային մարդասիրական օգնության հիմնադրամ։