«Բանկային փոխանցումով 2008-ին 2 միլիոն դոլար եմ տվել Մայրապետյանին՝ երկրի ղեկավարությանը փոխանցելու համար». Սիլվա Համբարձումյան

Սիլվա Համբարձումյան, արխիվ

Գործարար Սիլվա Համբարձումյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ 2008 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, 2 միլիոն դոլարի բանկային փոխանցում է կատարել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս» ընկերության հաշվեհամարին, որպեսզի վերջինս միջնորդի երկրի ղեկավարությանը՝ չխոչընդոտել իր բիզնեսը։

Համբարձումյանը պնդեց՝ ևս 5 միլիոն դոլար էլ առձեռն է տվել Քոչարյանի մտերիմներից համարվող գործարարին:

Գործարարն ասաց՝ դեռ անցած հոկտեմբերին 2008-ի «Մարտի 1-ի» գործի շրջանակներում է հարցաքննվել Հատուկ քննչական ծառայությունում՝ առերեսվելով 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Մայրապետյանի հետ:

«Ստուգելուց ինձ կանչել են «Մարտի 1»-ով հարցաքննության՝ պարզելու, թե ես էս գումարն ինչի համար եմ փոխանցել Մայրապետյան Սամվելին։ Ես սկզբից չէի հիշում, հետո փաստաթղթերը նայելով հիշեցի, որ 2 միլիոն փոխանցել եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Համբարձումյանը։

Գործարարը պնդում է՝ իր փոխանցումը կապ չունի մարտյան արյունալի իրադարձությունների հետ և որ իր համար տարակուսելի է, թե ինչո՞ւ է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն իր անունը հնչեցրել։

Երեկ Օրբելյանն «Ազատության»-ն ասել էր, որ Քոչարյանին առաջադրված նոր՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը վերաբերում է գործարար Սիլվա Համբարձումյանի նշած կաշառքին։ Մինչդեռ Համբարձումյանը պնդում է՝ հարցաքննության ժամանակ Մայրապետյանի անունն է շեշտել։ Իր կողմից գումար տալը կոնկրետ Մայրապետյանի հետ է կապված, ոչ թե Քոչարյանի, կամ այլ անձանց հետ։

«Հոկտեմբերի 6-ին Մայրապետյան Սամվելն էլ ընդունել է, որ այո՛, տվել եմ փող, բայց ինչի՞ համար, ինքը չի հիշում։ Այլևս ոչ մի խոսակցություն չի եղել, ես ոչ մեկի հետ այլևս չեմ առերեսվել։ Ես իմ շնորհակալությունն ասել եմ, ես գոհ եմ, հետո ինքն ի՞նչ է արել, ես չգիտեմ, ես ոչ Արմեն Գևորգյանի հետ եմ իմ կյանքում շփվել, ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի։ Ես տվել եմ, ասել եմ, որ շնորհակալություն եմ հայտնում, որովհետև Մայրապետյան Սամվելն է եղել իմ միջնորդը, ես անձամբ իրենց չեմ ճանաչել», - ասաց Համբարձումյանը։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի անունը տվել է որպես իրենից կաշառք պահանջող, Համբարձումյանը պատասխանեց. - «Պահանջող չէ, ես անգամ շեշտել եմ, որ այս գումարները ես տվել եմ՝ ինձ չխանգարելու համար իմ գործարքին։ Ես եմ տվել իրանք ինձանից չեն պահանջել, իմ ցուցմունքում դա հստակ կա», - ասաց Սիլվա Համբարձումյանը։

Գործարարը պնդեց՝ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին չի հանդիպել։ Նա ասաց, որ տեղյակ էլ չէ, թե արդյո՞ք այդ գումարը Մայրապետյանն, ի վերջո, փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։ Գումարը փոխանցելուց հետո Մայրապետյանին չի հանդիպել, բայց իր բիզնեսը դրանից հետո խոչընդոտներ չի ունեցել։

«Ամբողջ հանրապետությունը չգիտի՞, որ եթե մի գործարք կատարվում էր, պետք է պաշտպանված լինեիր, կռիշ ունենայիր, քանի որ ես կռիշ չեմ ունեցել, ես ինքս կարողացել եմ աշխատել, ստեղծել և ամեն ինչ անել և չխանգարելու համար շնորհակալ եմ եղել, ես ասել եմ՝ շնորհակալ եմ եղել», - ասաց Համբարձումյանը։

Սիլվա Համբարձումյանն «Ազատության» հետ զրույցում հիշատակեց նաև Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանին։ Նա մեղադրվում է Սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, փողերի լվացման և խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Ազատության»-ը փոխանցեց՝ Գևորգյանը որևէ մեկից կաշառք չի ստացել։

Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանն էլ իր հերթին «Ազատության»-ը փոխանցեց, որ Համբարձումյանը նախաքննական գաղտնիք է հրապարակում և ինքը չի մեկնաբանի նրա հայտարարությունը։

7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Մայրապետյանն այժմ բուժում է ստանում Գերմանիայում։ Նա մեղադրանքը չի ընդունում։