Ռոբերտ Քոչարյանին նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել

Հատուկ Քննչական ծառայությունն այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման հոդվածին ավելացել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը: ՀՔԾ-ն հաստատում է այս տեղեկությունը:

«Ազատության» հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը որոշ մանրամասներ ներկայացրեց։ «Կաշառք ստանալ, որը վերաբերում է [գործարար] Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու գաղափարին։ Որևէ հավելյալ տեղեկատվություն չունեմ, որևէ ապացույց չունեմ, չգիտեմ ինչի հիման վրան են իրենք դա ենթադրել։ Պնդումները սուտ են, դրա հետ համաձայն չենք», - ասաց Օրբելյանը։

«Ազատության» հարցին՝ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա՞ է հարուցվել մեղադրանքը, փաստաբանը պատասխանեց.- «Ինչի հիման վրա է չեմ կարող ասել, պարզ չի ընդհանրապես՝ ինչ կապ ունի «Մարտի 1»-ի գործի հետ, որ նույն գործի շրջանակներում են գործը վարել, այսինքն «Մարտի 1»-ի գործով, երբ որ ունենք մեղադրանք առաջադրված, էդ նույն մեղադրանքում կատարվել է փոփոխություն, ավելացել է, 311-րդ հոդվածով մեղադրանք»։

«[Փաստաբաններ] Հովհաննես Խուդոյանը և Ռուբենը Սահակյան ներկա են եղել մեղադրանքի առաջադրմանը, ես անձամբ ներկա չեմ եղել, դրա համար չեմ հասցրել քննարկեմ իր [Քոչարյանի] հետ, բայց կարող եմ ասել, որ չի ընդունում էդ մեղադրանքը», - նշեց Օրբելյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարար Սիլվա Համբարձումյանից 14 միլիոն դոլարի կաշառք էր պահանջել և ստացել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը՝ հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը գործարարի օգտին լուծելու համար: Նախկին նախարարը հետախուզվում է:

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դեկտեմբերի 7-ից, նրա փաստաբանները վերջերս վիճարկում էին առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ին որոշումը, որով ևս երկու ամսով երկարաձգվել էր նախկին նախագահի կալանքը: Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 7-ին ամբողջությամբ մերժել էր պաշտպանների այս բողոքը: