Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է՝ նա կդառնար 84 տարեկան:
Հրանտ Մաթևոսյանից մի հատված Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ ընթերցելով է այսօր իր օրն սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ - «Լավը չես, խեղճ ես, լավը չես, զավակս, որդիս, առաջներկս, իմ հույսս, իմ թանկս: Լավ չես, մեջդ վրեժ չկա: Ու ես ասում եմ՝ մարդը չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս: Քեզ կուլ են տալիս: Ասում ես՝ խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ: Երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: Ասում եք՝ սեր, ասում եք՝ սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք, դուք վախենում եք ատելուց: Մի՛ վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի: Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն: Տղամարդու պետ մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, ձեզ թող զոռով կոտրեն: Մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»: Կարծում եմ, մոտավորապես էս տողերում նկարագրված էր այն, ինչ անցած տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ, և ըստ էության մենք կատարեցինք Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ նաև Հրանտ Մաթևոսյանի այս պատգամը: Մենք չկոտրվեցինք և ապացուցեցինք, որ մեզ չեն կարող կոտրել»:
Ամեն տարի այս օրը շատերն են հավաքվում Կոմիտասի անվան պանթեոնում մեծ գրողի շիրիմի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու նրա հիշատակին: Կանգնում են երկար, հարցազրույցներ տալիս լրագրողներին, զրուցում միմյանց հետ, գրողի հետ կապված հուշեր պատմում ու չեն ուզում հեռանալ:
Մաթևոսյանը միավորում է նրանց բոլորին՝ իր գրականությամբ, իր անհատականությամբ ու մարդկային հզոր ներուժով, իր համամարդկային ու ազգային արժեքներով և իր՝ մարդկային հոգու անսահման խորքերը ներթափանցելու անսահմանափակ հնարավորություններով:
Իր գրչընկերների խոսքով՝ ֆենոմեն, երևույթ, գրող, որի յուրաքանչյուր տողը ներծծված է պատմական անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը եղած մարդկային ու համամարդկային տառապանքով ու տարեգրությամբ:
Արձակագիր Դիանա Համբարձումյան․ - «Հրանտ Մաթևոսյանը հայ գրականության խիղճն է, և եթե մի քիչ ավելի հեռուն գնանք՝ հենց մարդու խիղճն է մարմնավորում: Ի վերջո, էն տողը, որ ասում է՝ լավը չես, խեղճ ես, էդ խեղճությունը չշփոթել խիղճ ունեցողի հետ: Ուղղակի ապսպրում է մեզ խղճով ապրել: Մյուս կողմից, ապսպրում է ուժեղ լինել, չխեղճանալ»:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան․ - «Նա պատմությունը խտացրած ներկայացնում է քննարկման համար, մեզ համար: Դիտակետը կա՝ հայ մարդու հոգու, պատմականության, ժամանակի մարդու տեսակի, բնության»:
Հրապարակախոս, ռեժիսոր Ջուլիետ Կաժոյոն․ - «Ֆոլքներին իր ընթերցողներից մեկը մի անգամ ասել է՝ վարպետ, Ձեր գործերը կարդում եմ, չեմ հասկանում: Պատասխանել է՝ նորից կարդացեք․․․ Այսինքն, կան գրողներ, որոնք շատ բարձր ցուցանիշ ունեն, ու նրանց հասնելու համար աշխատանք է պետք, բարձրանալ է պետք․․․ Դրանից հետո Հրանտի աշխարհը կճանաչես, որ ուրիշ գեղեցկություն է»:
«Ցերեկը ոչ մի բան չէր կարողանում անել: Սպասում էր, որ քնեն, որ ինքը նստի գրի: Գրում էր այնքան, ինչքան որ զորում չքնելը հաղթահարել: Ամեն առավոտ ասում էր՝ Վերժուկ, մի հատված եմ գրել: Մի հատված, ոչ թե էջեր, ու էդ հատվածը կարդում էր», - ասաց Մաթևոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը:
Որդին՝ Դավիթ Մաթևոսյանը հավելեց․ - «Էսօր առավոտը ինձ մի թեթև ուրախացրեց, որովհետև վարչապետը օրը սկսեց «Ծառերից» հատված ընթերցելով․․․ Ես կարծում եմ, սա կարող ենք համարել մեկնակետ․ Մաթևոսյանի 85-ամյակին մնում է ուղիղ մեկ տարի: Էդ մեկ տարում, կառավարության, պետության, ժողովրդի և երկրի պատվախնդրությունն է և պատվի հարցն է»: