Վենեսուելայի ընդդիմությունը բողոքի նոր ալիք է սկսում Նիկոլաս Մադուրոյի դեմ՝ պահանջելով բացել սահմանը և թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը երկիր: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի գլխավորած ցույցերի մեկնարկը նախատեսված է այսօր:
Երեք շաբաթ առաջ 35-ամյա ընդդիմադիր Գուայդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, ինչը օրինական են ճանաչել արևմտյան մի շարք երկրներ՝ այդ թվում Միացյալ Նահանգները:
Գործող նախագահ Մադուրոն, սակայն, հենվելով Ռուսաստանի և Չինաստանի աջակցության վրա, շարունակում է պահպանել վերահսկողությունը պետական մարմինների նկատմամբ, այդ թվում՝ զինված ուժերի:
Մադուրոն նավթով հարուստ Վենեսուելան ղեկավարում է 2013 թվականից, նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնել է հունվարի սկզբին: Սակայն նրա իշխանության դեմ բազմահազարանոց ցույցերը նորից բռնկվել են: Հարյուր հազարավոր մարդիկ պնդում են, որ Մադուրոն կեղծիքներով է նախագահ դարձել: